Թուրք մտավորականն առաջարկում է հայ և ադրբեջանցի գրողների գործերը մեկ գրքում հրատարակել
Թուրք մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուից Սարգիս Հացպանյանը երեկ բաց նամակ է ստացել, որով առաջարկում է հայ գրող Լևոն Ջավախյանից իրավունք ստանալ նրա հեղինակած «Քիրվա» պատմվածքը և ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «հայամետ» պիտակավորված «Քարե երազները» ստեղծագործությունը հրատարակել մեկ գրքով՝ որպես հանդուրժողականության վառ օրինակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ազատամարտիկը տեղեկացրեց, որ մինչ այդ, ինքը թուրք մտավորականներին էր թարգմանել և հասցրել հայ գրող Լևոն Ջավախյանի հաղորդագրությունը, որը ընթերցվել է փետրվարի 13-ին մտավորականների կողմից հրավիրված քննարկմանը, թե ինչ անեն, որ օգնեն իրենց ադրբեջանցի գործընկերոջ դեմ ճնշումները կանխելու համար:
«Փետրվարի 13-ին Ստամբուլում ասուլիս էր հրավիրվել, որտեղ մտավորականները հանդես եկան համատեղ հայտարարությամբ և կոչ արեցին համամարդկային արժեքներով ապրող հասարակությանը, որ ադրբեջանցի գրողը վախի մեջ է, նա մեր գրչակից եղբայրն է և պետք է պաշտպանենք: Հայաստանից Լևոն Ջավախյանը մի քանի նախադասություն ուղարկեց, որը ես թարգմանեցի ու ուղարկեցի, որտեղ նա նշում էր, որ հայերը նույնիսկ այդ ուրախությանը, որ տեսնում են իրենց ցավը տանող գրող կա, չեն կարողանում օգնել այդ մարդուն, քանի որ հակառակ դեպքում նրա վիճակն ավելի կվատանա: Նա գրել էր՝ քանի որ մենք չենք կարող, այդ բեռը վերցնել, թող իրենք վերցնեն իրենց վրա»,- ասաց Սարգիս Հացպանյանը:
Լևոն Ջավախյանը պարզաբանեց, նախ նա հիշեցրեց, որ իր՝ ադրբեջանցիների մասին պատմող «Քիրվան» պատմվածքը, ինքը գրել է դեռևս 2010թ-ին և դրա համար Բաքվից նաև Հայաստանի Կովկասյան ինստիտուտից ստացել մրցանակ՝ որպես հանդուրժողականության քարոզ և այսօր էլ նա տեսնելով, որ չի կարող օգնել իր ադրբեջանցի գործընկերոջը, խնդրել է, որ դա անեն թուրք մտավորականները: «Ես դիմեցի, որ այդ ծանր բեռն իրենք տանեն, որովհետև իրենք եղբայր են, մենք վնաս չհասցնենք»,- բացատրեց Ջավախյանը:
Այսօր ադրբեջանցի գրողից Հացպանյանը տեղեկություն ունի, և երբ նույն խնդրով զանգել են նրան, գիրքը համատեղ տպագրելու համար, ասել են, թե չի ուզում: «Ասել են փոխանցեք, որ ինքը չի ուզում, խուսափել է, ասել են նա վատ հոգեվիճակում է և մտադրվել է գնալ Ադրբեջանից, ծանր ճնշումները չի կարողանում տանել»,- ասաց նա:
Ջավախյանի համար էլ հեշտ չի Հայաստանում, երբ ինքը ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ դրական է գրում: «Անմիջապես մեր մտավորականներն այլ կերպ են վերաբերվում, բայց ինչի՞,մենք ժողովուրդ ենք, նրանք ժողովուրդ չե՞ն»,- նշեց գրողը:










