«Օսկար»-ի հավակնորդին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ ապօրինի ներգաղթյալի տեղ դնելով

15:33 • 22.02.13

Լոս Անջելեսի (ԱՄՆ) օդանավակայանում պաղեստինցի ռեժիսոր, «Օսկար» մրցանակի հավակնորդ Էմադ Բերնատին ապօրինի ներգաղթյալի տեղ են դրել, ուր նա ժամանել է փետրվարի 24-ին կայանալիք Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Daily news-ին։

 

Ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մուրի խոսքով՝ Բերնատը կնոջ և 8-ամյա տղայի հետ ստիպված է եղել մեկուկես ժամ անցկացնել սպասասրահում։ Պատճառը եղել է այն, որ պաղեստինցիները չեն ունեցել «պատշաճ հրավեր», որը նրանց թույլ է տալիս ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։

 

Մուրը նշել է, որ թեև Բերնատը ցույց է տվել այն հրավիրատոմսը, որն ուղարկում են բոլորին, սակայն իրավապահներին դա բավականաչափ չի թվացել։ «Նրան սպառնացել են կրկին Պաղեստին ուղարկել»,- ասել է Մուրը։

 

Միջադեպը հնարավոր է եղել կարգավորել միայն Մայքլ Մուրի միջամտությամբ, որից հետո ռեժիսորին թույլատրել են մուտք գործել ԱՄՆ։ Բերնատը խոստովանել է, որ պատահածն իրեն չի զարմացրել. երբ ապրում ես շրջափակման պայմաններում, նման երևույթը դառնում է սովորական։


«Մենք դարձանք այն ամենի աննշան օրինակը, ինչի հետ բախվում է մեր ժողովուրդն ամեն օր»,- ասել է նա։

 

Բերնատի «Հինգ կոտրված տեսախցիկներ» ֆիլմը ներկայացված է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։