Գլենդեյլի դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հնարավոր է` ոչ աշխատանքային դառնա
Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրը` ապրիլի 24-ը, հնարավոր է` ոչ աշխատանքային օր դառնա ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, երեկ տեղի է ունեցել Գլենդեյլի դպրոցների միացյալ կրթաշրջանի կրթական խորհրդի նախընտրական առաջին նիստը (անկացվում է խորհրդի անդամների ընտրություններին ընդառաջ, իսկ ընտրությունները նախանշված են 2013թ. ապրիլին-Tert.am), որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ապրիլի 24-ը ոչ աշխատանքային դարձնելու հարցը:
Նիստին մասնակցել են Խորհրդի անդամների թեկնածուները, որոնց թվում եղել են նաև հայեր:
Բոլոր թեկնածուներն ընդգծել են, որ իրենք դեմ չեն ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու առաջարկին:
Կայքը միաժամանակ հաղորդում է, որ հայ աշակերտներն ավանդաբար ապիլի 24-ին դպրոց չեն հաճախում` Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Խորհրդի նախագահ Քրիստին Վոլթերսը հայտարարել է, որ ինքը ևս պաշտպանում է առաջարկը` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է հարցը քննարկել նաև Գլենդեյլի ղեկավարների, Ուսուցիչների միության հետ:
«Սա այնպիսի որոշում է, որը մենք չենք կարող կյանքի կոչել միակողմանիորեն, սակայն ես հասկանում եմ այդ օրվա կարևորությունը հայ համայնքի համար: Հարցը դեռ պետք է քննարկվի»,-ընդգծել է Վոլթերսը:
Իսկ ահա խորհրդի անդամ Արմինե Ղարպետյանը հանդես է եկել առաջարկով, որ Գլենդեյլի բոլոր 4 բարձրագույն, ինչպես նաև բոլոր միջինակարգ դպրոցներում հայագիտության դասաժամեր մտցվեն:
Հավելենք, որ Գլենդեյլ քաղաքը (Կալիֆոռնիայի նահանագ) ունի մոտ 192 հազ. բնակչություն, որի մոտ 50 տոկոսը հայեր են:










