Տանգոն կօգնի դուրս գալ սթրեսից և դեպրեսիայից
Եթե հոգում տխրություն է, ապա տանգո պարելու ժամանակն է։ Նոր Անգլիայի համալսարանի և Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետները կարծում են, որ տանգոն լավ միջոց է դեպրեսիայի և սթրեսի դեմ, հայտնում է zdr.ru-ն։
Ինչպես նշում է The Independent News պարբերականը, շաբաթական ընդամենը 1.5 ժամ տևողությամբ երկու պարապմունքը կօգնեն ազատվել վատ տրամադրությունից, անքնությունից, տանջող մտքերից և ընդհանուր սթրեսից։
Գիտնականները հետևել են կամավորներին, որոնց թվում եղել է 18-73 տարեկան 41 մարդ։ Մասնակիցների կեսը պարել է ընդամենը 2 շաբաթ, սակայն բարձր հաճախականությամբ՝ առնվազն 90 րոպե տևողությամբ 8 պարապմունք։ Մյուս կամավորները չեն զբաղվել պարով և հանդես են եկել համեմատական թեստերի համար։
Արդյունքում պարզվել է, որ տանգո պարող մարդկանց կյանքն ավելի հագեցած է, նրանք ազատվել են անհանգստությունների հիմնական մասից, սկսել են իրենց ավելի լավ զգալ։ Մյուս խմբի մոտ փոփոխություններ չեն նկատվել։
Մեկ ամիս անց մասնակիցներին ևս մեկ անգամ հետազոտել են. տանգոյով զբաղվող մարդիկ պահպանել են լավատեսական տրամադրությունը, սակայն անքնության հետ կապված խնդիրները մասամբ պահպանվել են։ Գիտնականների կարծիքով՝ այդ փաստը խոսում է տանգոյի պարբերական պարապմունքների անհրաժեշտության մասին։










