Կարմիր գորգը «սպասում» է իր հյուրերին. մեկնարկում է «Օսկար» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

11:43 • 24.02.13

Հոլիվուդի հազարից ավելի աստղեր ՝ դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, փետրվարի 24-ին կլինեն աշխարհի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Օսկար» մրցանակաբաշխության հյուրերը։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, այս տարվա միջոցառումը հոբելյանական է, քանի որ նշվում է «Օսկար»-ի 85-րդ մրցանակաբաշխությունը, որը հիանալի առիթ է աստղերի համար աշխարհին ներկայանալու իրենց ողջ շուքով։ Միջոցառումը պաշտոնապես հեռարձակվելու է 225 երկրում, ուստի հյուրերի սանրվածքը, հագուկապն ու ուղեկցողները բուռն քննարկման են արժանանալու ամբողջ աշխարհում։

 

Այս տարի բեմում կհայտնվեն կինոաշխարհի ամենատիտղոսակիր դեմքերը՝ Ջեյն Ֆոնդա, Մայքլ Դուգլաս, Մերիլ Սթրիփ, Ջոն Տրավոլտա, Սանդրա Բալոք, Հյու Ջեքման, Ռասել Քրոու, Ջենիֆեր Լոուրենս, Բարբարա Սթրեյզանդ։
Միջոցառումն անցկացվելու է հանրահայտ Kodak թատրոնում, և դեպի այն տանող բոլոր ճանապարհները փակվել են ոստիկանության կողմից, իսկ կարմիր գորգը «սպասում» է հյուրերին։

 

«Օսկար»-ի նախապատրաստական վերջին աշխատանքներն ընթանում են խոհանոցում, քանի որ մրցանակաբաշխությանը կհաջորդի հաղթողների ու հավակնորդների համար կազմակերպված պարահանդեսը։ Աշխարհի լավագույն խոհարարի կոչումը կրող և արդեն 19 տարի անընդմեջ «Օսկար»-ի պարահանդեսի շեֆ- խոհարար Վոլֆգանգ Փակը պատմել է, որ 50-ից ավելի համեղ ուտեստներից զատ բոլոր հյուրերը կհյուրասիրվեն շոկոլադե «Օսկար»-ներով, որոնք պատված են իսկական ոսկու փոշով։