Լեգենդար Ազնավուրը Facebook-ի իր էջում անդրադարձել է The Voice նախագծի մասնակից Նարեկ Մակարյանին (տեսանյութ)
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է «Հայաստանի ձայնը» (The Voice) շոուից մի տեսանյութ, մասնավորապես՝ Նարեկ Մակարյանի ելույթը, ով կատարել է լեգենդար շանսոնյեի երգը՝ «Une vie d'amour» («Հավիտենական սեր»)։
Շառլ Ազնավուրը տեսանյութին կից գրառում է թողել. «Découvrez le talentueux chanteur Narek Makaryan candidat à The Voice Arménie !!! Il chante Aznavour!» («Բացահայտե՛ք ձեզ համար «Հայաստանի ձայնը» շոուի հաղթողի հավակնորդին՝ տաղանդավոր երգիչ Նարեկ Մակարյանին։ Նա Ազնավուր է երգում»)։
Նարեկ Մակարյանի անդրադարձը մեծն Ազնավուրի գրառմանը չի ուշացել. «Մեծագույն անակնկալ ինձ համար: Այնքան հուզված ու շփոթված եմ, որ չեմ կարող բառերով արտահայտել զգացումներս: Աշխարհահռչակ Մաեստրո Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Հայաստանի ձայնը» նախագծի հինգերորդ գալահամերգի ժամանակ իմ կատարմանը: Խոստովանեմ՝ ինձ համար մեծագույն պատիվ է արժանանալ հանրահռչակ երգչի արձագանքին: Սա ինձ համար արդեն իսկ հաղթանակ է: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Մաեստրո»:










