Խոջալուի մասին ֆիլմի անգլերեն տարբերակը մեկ շաբաթում 210.000-ից ավելի դիտում է ունեցել (տեսանյութ)

18:54 • 25.02.13

Խոջալուի դեպքերի մասին «Սովի ու հրի արանքում. իշխանություն կյանքերի գնով» նոր վավերագրական ֆիլմը մեկ շաբաթում շուրջ 212.000 դիտում է ունեցել YouTube-ում:


Երկմասանոց ֆիլմը ողբերգական իրադարձությունների մասին է, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 1991-ի նոյեմբերի և 1992-ի փետրվարի ընթացքում:

 

Ֆիլմը ստեղծել է պատմաբանների, նախկին քաղաքական գործիչների և հետաքննող լրագրողների թիմը ռուսերենով՝ դեռևս 2012-ի փետրվարին: Աշխատանքը համոզիչ փաստարկներ է ներկայացնում այն շրջանից՝ նոր լույս սփռելով Ստեփանակերտի շրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական վերնախավի գործողությունների մասին, որոնք թույլ տվեցին Իվանյանի (նախկին Խոջալու) ողբերգությունը: 


Հետաքննության ընթացքում հավաքված արխիվային նյութերը հարցականի տակ են դնում Ադրբեջանի կառավարության, ԶԼՄ-ների և «փորձագետների» կողմից շրջանառվող մի շարք ավանդական շահարկումները և մանիպուլյացիաները:

 

Ֆիլմը հարուստ է առաջին անգամ հրապարակվող նյութերով, այդ թվում՝ ադրբեջանական արխիվներից: Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է արդեն 2 տասնամյակ իշխում Ալիևների ռեժիմը՝ «լռեցնելով» այն խիզախ մարդկանց, ովքեր համարձակվել են ճշմարտությունն ասել Խոջալուի և Աղդամի շրջանի իրադարձությունների մասին:

 

Ֆիլմի անգլերեն թարգմանությամբ տարբերակը աննախադեպ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում:


«Երբ հայերս՝որպես ժողովուրդ, միավորվում ենք անարդարության դեմ, մենք գերիշխում ենք», - այս առիթով նկատել է ֆիլմի ստեղծողներից Միրո Խանզադյանը: