Լավագույն ֆիլմի կոչմանն արժանացել է «Օպերացիա «Արգո»-ն. «Օսկար» մրցանակաբաշխությունն ավարտվեց
Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը։
«Օսկար» մրցանակ է շնորհվել ավելի քան 20 անվանակարգերում։ Ամենաշատ անվանակարգերում առաջադրվել է «Լինքոլն» ֆիլմը՝ 12։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեքի «Օպերացիա «Արգո» ֆիլմը։ Մրցանակը հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման։
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար։
Արձանիկի համար պայքարում էին նաև Էմանուել Ռիվան, Նաոմի Ուոթսը, Ջեսիկա Չեսթեյնը, Կվավենժանեյ Ուոլիսը։ Ի դեպ, Ուոլիսը մրցանակի ամենաերիտասարդ հավակնորդն էր. նա ընդամենը 9 տարեկան է։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմում մարմնավորած գլխավոր դերի համար։ Նրա մրցակիցներն էին Բրեդլի Կուպերը, Դենզել Վաշինգտոնը, Հոակին Ֆենիքսը և Հյու Ջեքմանը։
2012 թվականի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Էնգ Լին՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար։
Քվենտին Տարանտինոն «Օսկար» է ստացել իր ֆիլմի («Ջանգո ազատագրվածը») լավագույն սցենարի համար։
Ավստրիական «Սեր» ֆիլմը մրցանակ է ստացել որպես 2012թ.-ի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Արձանիկը ստացել է ֆիլմի ռեժիսոր Միխայել Հանաքեն։
Ավելի վաղ այս ֆիլմն արժանացել էր Կաննի կինոփառատոնի, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակներին։
Դերասանուհի Էնն Հեթուեյն «Օսկար» է ստացել որպես «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի».
սա դերասանուհու առաջին «Օսկար»-ն է։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Քրիստոֆ Վալցը։ Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին Ռոբերտ դե Նիրոն, Ալան Արքինը, Թոմի Լի Ջոնսը, Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը։
«Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվել է «Skyfall» երգը։
Մրցանակը ստացել են երգի հեղինակ Ադելը և պրոդյուսեր Փոլ Էփվորթը։
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի երաժշտությունները բազմիցս առաջադրվել են «Օսկար»-ի, սակայն երբևէ մրցանակի չէին արժանացել։
Բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի «Աննա Կարենինա» ֆիլմը հեղինակավոր մրցանակին է արժանացել լավագույն կոստյումների համար։ Արձանիկը ստացել է Ժակլին Դյուրան։
«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Սրտով քաջը» մուլտֆիլմը։










