Գիրք կարդալը Հայաստանում այսօր նորաձև է. «Անտարես» հրատարակչության Facebook-յան ակցիային մասնակցել է 847 օգտատեր

12:19 • 25.02.13

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն այսօր ամփոփելով իրենց կողմից Facebook սոցցանցում հայտարարված ակցիայի արդյունքները՝ հայտնեց, որ 847 հայաստանցի օգտատեր ցանկացել է այս եղանակով գիրք ձեռք բերել, որոնցից 23-ը հավանություններ՝ like-եր հավաքելու արդյունքում նվեր է ստացել։


«Մեր նախաձեռնությունն այսքան հայտնի չէր լինի, եթե չլինեին Facebook-յան էջերը։ Օգտատերերը շատ մեծ ակտիվություն ցուցաբերեցին like-ելու գործում, և նրանք, ովքեր սկսել էին, բայց չէին կարողացել հաղթել, ստացան զեղչեր»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ գիրք կարդալը Հայաստանում այսօր նորաձև է։


Վերջինիս խոսքով ակցիան իրենց ձեռնարկությանը տվել է մեծ վնաս, բայց կարևոր է այն, որ այսքան մարդ շփվեց գրքի հետ։ «Այս ակցիան ցույց տվեց, որ շատերը կցանկանային գիրք ընթերցել, բայց գիրքը թանկ է, և մենք ունենք աշխատանք, որպեսզի գիրքը դառնա մատչելի։ Նախ՝ գիրքը պետք է լինի գրադարանում, և երրորդը՝ լինեն էլեկտրոնային գրքեր»,- նշեց նա՝ ընդգծելով, որ էլեկտրոնային գիրքը տանում է դեպի գրքի թղթային տարբերակի գնմանը։


Հրատարակչության տնօրենի տեղեկացմամբ՝ ամենացանկալին եղել է Ջորջ Օրուելի վերջերս հայերեն թարգմանված գիրքը, որն, ի դեպ, արգելված գրականության ցանկում է եղել, այնուհետև Հովհ. Թումանյանի հեքիաթների գիրքը։


Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշել էր, որ Հայաստանում ուզում են գիրք նվեր ստանալ, սակայն 50% զեղչով գնել, չեն ուզում։

 

Անդրադառնալով «Զանգակ» հրատարակչության իրականացրած նույն ակցիային՝ նա ասաց, որ այն գրքերը, որոնք «Զանգակը» ներկայացրել էր ավելի էժան և մատչելի էին։ «Մենք չենք հավակնում լինել ամենամեծ հրատարակչությունը, մենք ուզում ենք որակյալ գրքեր հրատարակել»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ «Զանգակ» հրատարակչության Գիրք նվիրելու օրվան նվիրված (փետրվարի 19) Facebook-յան ակցիային մասնակցել է 1000-ից ավելի օգտատեր, ովքեր իրենց նախընտրած գրքի համար 150 հավանում՝ like են ստացել։