Ռիչարդ 3-րդի հետնորդները պահանջել են վերահուղարկավորել նրա մասունքները Յորքում
Ռիչարդ 3-րդ թագավորի հետնորդները պահանջել են նրա մասունքները վերահուղարկավորել անգլիական Յորք քաղաքում՝ համաձայն միապետի վերջին ցանկության, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով այսօր հրապարակված հայտարարությանը։
«Մենք պահանջում ենք վերահուղարկավորել Ռիչարդ 3-րդի մասունքները Յորքում, ինչպես որ դա ցանկացել է անձամբ միապետը։ Մեր նախահայրը հանդիսանում է Յորքերի տոհմի վերջին անգլիացի արքան։ Մենք, որպես միապետի ներկայացուցիչներ, լիովին վստահ ենք, որ նրա մասունքները պետք է վերադառնան այդ քաղաք»,- նշված է փաստաթղթում։
Ռիչարդ 3-րդի մասունքների ԴՆԹ-ի անալիզից հետո Մեծ Բրիտանիայում վեճ է սկսվել թագավորի վերահուղարկավորման իրավունքի շուրջ։ Ակտիվորեն պայքարել են Լոնդոն, Յորք և Լեստեր քաղաքները, վերջինս էլ հաղթանակ է տարել այդ վեճում այն բանից հետո, երբ փետրվարի 7-ին համապատասխան հայտարարություն տարածեց երկրի արդարադատության նախարարությունը։
«Անկախ ընդունված որոշումից, մենք շարունակում ենք վստահեցնել, որ իր կյանքի օրոք Ռիչարդ 3-րդը ցանկություն է հայտնել հուղարկավորվել Յորքում։ Հենց այս քաղաքում էլ պետք է անցկացվի պաշտոնական հուղարկավորումը»,- ասել են նրա հետնորդները։
Ինչպես նշում են փորձագետները, Ռիչարդ 3-րդի գերեզմանը կարճ ժամանակահատվածում հազարավոր զբոսաշրջիկների կգրավի ամբողջ աշխարհից, ինչն էական եկամուտներ կբերի այն քաղաքի բյուջե, որտեղ այն կգտնվի։










