Բացվեց ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մուտքի, Դավիթաշենի կամրջի և հայտնի մի շարք այլ ճարտարապետական գործերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը այսօր բացվեց Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում` նվիրված նրա 75-ամյակին:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ «եթե պետք է խոսենք 21-րդ դարի երկրորդ կեսի հայ ճարտարապետության մասին, ապա անհնար է չհիշել Ռոմեո Ջուլհակյանի մասին, որովհետև գործ ունենք մի արվեստագետի հետ, որը բազմակողմանի զարգացած անձնավորությունն էր»:
«Այսօր Ջուլհակյան կերպարը մեզ ներկայանում է որպես փայլուն գրաֆիկ աշխատանքների հեղինակ, գրքերի ձևավորման ինքնատիպ ճանապարհ հարթած անձնավորություն, հայկական տառատեսակների նոր ոճի մշակող, հուշամեդալների հեղինակ: Մեր իրականության մեջ առաջինն էր, որ հայկական տառերին տվեց ծավալ»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:
Ճարտարապետի կինը` Կատյա Ջուլհակյանը, ով իր խոսքով Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործական ամբողջ ճանապարհի ընթացքում նրա կողքին է եղել, համարում է, որ նա իր ժամանակի մնացած ճարտարապետներից տարբերվում էր նրանով, որ պատվերներ չէր ընդունում խորհրդային իշխանություններից։
«Բարձրահարկ շենքեր չէր կառուցում, միայն հինգհարկանի շենքեր էր: Չլինելով կուսակցական` իրեն հրավիրել էին քաղաքի գլխավոր ճարտարապետ լինել: Արվեստի մեջ չէր սահմանափակվում շենքեր կառուցելով: Նրա աշխատանքի առանձնահատկությունը հենց նրա գործերն են»,- ասաց Կատյա Ջուլհակյանը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը իր բացման խոսքում նշեց, որ մինչև տարվա վերջ կհրատարակվի Ռոմեո Ջուլհակյանի նյութերի լիարժեք կատալոգը: Բացի այդ, նախատեսված է կյանքի կոչել Երևանի կենտրոնում ներկայացված ցայտաղբյուրներից մեկի չիրականացված նախագիծը:
«Աշնանը Փարիզում կլինի ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի կողմից չիրագործված նախագծերի վերաբերյալ ցուցադրություն, որտեղ կներկայացվի նաև նրա «Թատերական» հյուրանոցի չիրականացված նախագիծը»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վաստակավոր ճարտարապետի բարեկամները, աշխատանքային և մասնագիտական ընկերները, ընտանիքի անդամները:










