Գիրք կարդալը դարձել է նորաձև. Հասմիկ Պողոսյան (լուսանկարներ)

17:15 • 27.02.13

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավատացնում է, որ գրատպության 500-ամյակի միջոցառումներ իրականացնելով նախարարությունը հասավ նրան, որ ով չէր էլ ուզում կարդալ, այնուամենայնիվ, սկսեց գրքով հետաքրքրվել։


«Կարճ ընթերցմամբ, գրողների բլոգեր բացելով, ֆեյսբուքյան այդ բոլոր մրցանակաբաշխությունների ծրագրին մասնակցելով, այցելություններ գրադարաններ և նաև գրախանութներ»,- Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստին, որը վարել է պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում մանրամասնեց նախարարը։


Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ անկախ հրատարակիչները վերջերս են միայն հայտարարել, որ գիրք կարդալը դարձել է նորաձև։


Նախարարն ընդգծեց, որ այս տարի Երևանում ոչ պետական միջոցներով գրախանութներ բացվեցին, իսկ դա, ըստ նրա, ցույց է տալիս, որ պահանջարկ կա։


Ինչ վերաբերում է վերանորոգված Ազգային գրադարանին, ապա Հասմիկ Պողոսյանը նշեց, որ կան համապատասխան պայմաններ, որտեղ կարելի է «փափուկ, գեղեցիկ, հարմարավետ պայմաններում նստել և գիրք ընթերցել»։ Բացի այդ, ըստ նրա՝ այստեղ կանցկացվեն նաև մշակութային միջոցառումներ։


Ի դեպ, նախարարը տեղեկացրեց, որ Ազգային գրադարանի շենքը վերանորոգելուց հետո մուտքը կենտրոնական մասնաշենքից է. «Մենք մտնում ենք Թամանյանի կողմից նախագծված կենտրոնական մուտքից, այնպես ինչպես մենք էինք մտնում մեր ուսանողական ժամանակ»,-ասաց նա։