Ջեյմս Բրաունն ու այլ աստղեր՝ բրիտանացու «արախիսային» ֆոտոշարքում (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի նկարիչ Սթիվ Քասինոն, ով առավել հայտնի է «Արախիսների նկարիչ» մականունով, իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ կարողանում է սովորական արախիսի հատիկները «վերածել» հանրահայտ անձանց։ Ինչպես նշում է Oddity Central-ը, նրա արախիսային հավաքածուում կան այնպիսի հեղինակավոր դեմքեր, ինչպիսիք են Ջեյմս Բրաունը, Էլթոն Ջոնը, Էնդի Ուորհոլն ու մեդիադաշտի հայտնի ներկայացուցիչներ։
Հեղինակը գտնում է, որ ստեղծագործելու իր տարբերակը շատ զվարճալի է, սակայն միևնույն ժամանակ անչափ ծախսատար։ Թեև այս աշխատանքներն առաջին հայացքից կարող են շատ պարզունակ թվալ, սակայն իրականում դրանց ստեղծումը պահանջում է շատ ժամանակ և համբերություն։
Երբեմն Սթիվը ստիպված է լինում հարյուրավոր արախիսներ ուսումնասիրել նախքան իրեն անհրաժեշտը գտնելը։ Այնուհետև նա զգուշորեն բացում է կեղևը, հանում միջուկն ու նորից սոսնձում կեղևը։ Յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնելու համար նրանից պահանջվում է միջինը 10 ժամ։ Ինչ վերաբերում է Սթիվի ստեղծագործությունների գնին, ապա դրանցից յուրաքանչյուրը վաճառվում է 500 դոլարով։










