«Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայությամբ» գիրքը լույս է տեսել 9 լեզվով (տեսանյութ)

16:46 • 28.02.13

«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր՝ Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացրեց, որ «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայությամբ» գիրքը, ընդհանուր առմամբ, լույս է տեսել 9-ը լեզվով:


«Առաջին անգամ Սամվել Շահվերդյանի հեղինակությամբ այս գիրքը լույս է տեսել 1989թ-ին՝ ուղիղ մեկ տարի անց իրադարձություններից հետո: Մենք պլանավորում ենք հրատարակել նաև գրքի երկրորդ հատորը, ինչը չհասցրեց անել հեղինակը: Բայց ունենք Սումգայիթյան ցեղասպանութան մասին նկարահանած ֆիլմ, որը թարգմանվել է 5 լեզուներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գիրքն այս հունվարին լույս է տեսել իսպաներենով ու իտալերենով:


Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-28-ը Սումգայիթ քաղաքում էթնիկ ազերիների կազմակերպած ջարդերին, ըստ «Վիկիպեդիա» օնլայն հանրագիտարանի, 26 հայ է սպանվել։ Բռնարարքները տեղի էին ունենում ամենուր՝ փողոցներում, նրանց բնակարաններում։ Հայերին այդ օրերին նաև անարգանքի էին ենթարկում և թալանում։ Այդ բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում ոստիկանության թողտվությամբ։


Ասուլիսին ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն այսօր ջանքեր պետք է գործադրի, որպեսզի սումգայիթյան ցեղասպանության մասին իմանա ողջ աշխարհը, քանի որ այն շարունակությունն է 1915թ-ի Հայոց ցեղասպանության:


«Փորձը ցույց է տվել, որ չպատժված ցեղասպանությունները ծնում են նոր մարդատյաց ցեղասպանություններ: Ցավոք, Հայաստանում այսօր չկա որևէ իրավական փաստաթուղթ, որով Սումգայիթի ցեղասպանությունից տուժածներին կամ նրանց ընտանիքներին տրվի հատուկ կարգավիճակ, որը կնշանակեր սոցիալական պաշտպանվածություն»,-ասաց նա:


Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ակնհայտ ռասիստական քաղաքականությունը, նշանակում է, որ հարկ եղած դեպքում նրանք պատրաստ են կրկնել անցյալը: Դրանից խուսափելու համար, նա բոլորին կոչ արեց շատ և լավ աշխատել:


Մամուլի ասուլիսին ներկա էին նաև Սումգայիթի ջարդերի տուժածներ, ովքեր պատմեցին այդ օրերին իրենց հետ տեղի ունեցածը։ Մանրամասները՝ տեսանյութում։