Մահացել է «Ласковый май» խմբի տնօրեն և Նիկոլայ Բասկովի նախկին պրոդյուսեր Ռաշիդ Դայրաբաևը

11:19 • 01.03.13

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հինգշաբթի երեկոյան մահացել է ՌԴ հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովի նախկին պրոդյուսեր, «Ласковый май» խմբի առաջին տնօրեն Ռաշիդ Դայրաբաևը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինին։

 

«Ռաշիդ Դայրաբաևը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Սա երկրորդ մեծ հարվածն էր վերջին օրերի ընթացքում։ Մեզ համար սա ցնցող էր, ինչ-որ չար ճակատագիր, Դայրաբաևը մահացել է խմբի առաջին կազմի նախկին ստեղնաշարային գործիքներ նվագողի մահվան լուրն իմանալուց հետո»,- ասել է Ռազինը։

 

«Ласковый май» խմբի նախկին երաժիշտ Իգոր Անիսիմովը սպանվել է փետրվարի վերջին, Մերձմոսկվայում։ Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով։

 

Ինչպես նշել է Ռազինը, Դայրաբաևը խմբի առաջին տնօրենն էր և անձամբ էր Անիսիմովին բերել խումբ։ Իմանալով Իգորի մահվան մասին՝ նա ընկել է և տեղափոխվել Մոսկվայի 51-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։