Բրիտանիայում կվաճառվեն Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի բացառիկ լուսանկարները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում մարտի 7-ին աճուրդի կհանվի Ֆիդել Կաստրոյի և Էռնեստո Չե Գևարայի բացառիկ վինտաժային լուսանկարների հավաքածուն՝ 50 հազար ֆունտ ստեռլինգ (76 հազար դոլար) մեկնարկային գնով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Dominic Winter Auctioneers աճուրդի տան կայքին։
Կաստրոյի անձնական լուսանկարիչ Ալբերտո Կորդայի դուստրը վաճառում է նրա սև ու սպիտակ 55 լուսանկարները, որոնք արվել են 1950-1960թթ.-ին։ Լուսանկարներից մեկում Կուբայի հեղափոխության առաջնորդը պատկերված է հայտնի արգենտինացի հեղափոխական Չե Գևարայի հետ գոլֆ խաղալիս, հաջորդ նկարում՝ Կուբայի հեղափոխությունից անմիջապես հետո, Կաստրոն և Չեն ձկնորսություն են անում նավակում։
Աճուրդի տան ներկայացուցիչը նշել է, որ սա լուսանկարների «հիանալի հավաքածու է», որը լուսաբանում է հայտնի կոմունիստների կյանքը. Չե Գևարան զրուցում է փիլիսոփա Ժան Պոլ Սարտրի հետ, Կաստրոն Polaroid-ով լուսանկարում է Խորհրդային Միության ղեկավար Նիկիտա Խրուշչովի ընտանիքին, ինչպես նաև ինքն է լուսանկարվում լեռան բարձունքին՝ զենքը ուսին։ Հենց այդ լուսանկարն է համարվում ամենաթանկը հավաքածուում։
Աճուրդում կվաճառվեն նաև մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված են հասարակ կուբացիներ. փոքրիկ աղջիկ, ով ձեռքում բռնել է փայտի կտոր, քանի որ ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ նրա համար տիկնիկ գնել։ Այդ նկարը, հեղինակի խոսքով, դարձել է շրջադարձային իր կյանքում. նա որոշել է նվիրել իր աշխատանքը «սոցիալական անհավասարության վերացմանը»։
Ալբերտո Կորդան ծնվել է 1928թ. Կուբայում։ Հենց նա է հանդիսանում Չե Գևարայի ամենահայտնի լուսանկարներից մեկի՝ «Հերոսական պարտիզանը» նկարի հեղինակը, որի անօրինական օգտագործման համար նա 2000թ. 50 հազար դոլար փոխհատուցում է ստացել Smirnoff ընկերությունից և փոխանցել այդ գումարը Կուբայի առողջապահության համակարգին։ Լուսանկարիչը մահացել է 2001թ. Փարիզում՝ իր ցուցահանդեսի ժամանակ։










