Բելառուսցի նկարիչը սովետական ռուբլիներով գեղեցիկ պատկերներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
Բելառուսցի նկարիչ Իգոր Արինիչը, ով հայտնի է նաև «Դրամե նկարիչ» մականունով, իր տաղանդի շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել հայրենիքում։ Ինչպես նշում է Oddity Central-ը, Արինիչը բավական ուշագրավ տարբերակ է ընտրել ստեղծագործելու համար։
Օգտագործելով բացառապես խորհրդային տարիներին գործածվող թղթադրամներ՝ Արինիչը կարողանում է բավական գեղեցիկ պատկերներ ստեղծել, որոնց նայելիս առաջին հայացքից դժվար է հավատալ, որ դրանք թղթից են։
Ներկերն ու վրձինը փոխարինելով սովորական ռուբլիներով՝ տղամարդը կարողանում է բացառիկ «կտավներ» ստանալ, որոնց գինը տատանվում է 700-2000 դոլարի միջև։
Նկարիչը պատմել է, որ յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնելու համար պահանջվում է միջինը 3 հազար հատ թղթադրամ։ Արինիչը նաև նշել է, որ նախկինում փորձել է ստեղծագործել նաև դոլարներով ու եվրոներով, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ ռուբլու երանգներն ավելի շատ են և դրանցով պատրաստված աշխատանքներն ավելի գեղեցիկ ու վառ են։










