«Եվրատեսիլ-2013»–ին Հայաստանը կներկայանա Գոռ Սուջյանի Lonely Planet երգով

23:06 • 02.03.13

Շվեդիայում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Lonely Planet երգով, որը կկատարեն Գոռ Սուջյանը և Dorians խումբը:


Այդ երգն այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրել է հայ հանդիսատեսը (հավաքված առավելագույն sms-ների միջոցով) և ժյուրին` 50/50 սկզբունքով:


Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար 4 երգ է «պայքարել»` Lying, Toy Planet, No time և հաղթող երգը` Lonely Planet-ը:


Նշենք, որ Tert.am–ի հետ զրույցում Գոռ Սուջյանի մենեջեր Արա Թադևոսյանը, պատասխանելով այն հարցին, թե Գոռ Սուջյանն ինքը ո՞ր երգն է նախընտրում, հայտնել էր, որ. «Կա չորս երգ, և մենք նախընտրություն չունենք: Նախընտրելի է հաղթող երգը»:


Գոռ Սուջյանը ծնվել է 1987թ. Հայաստանում: 2004 թվականին ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցը:
2006 թվականից երգել է Երեւանի երաժշտական ակումբներում և կատարել է աշխարհահռչակ երաժիշտների գործեր: 2008 թվականից Dorians ռոք խմբի մեներգիչն է, որի կազմում համերգային ծրագրերով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երաժիշտների և երգիչների հետ, մասնակցել բազմաթիվ համերգային նախագծերի Հայաստանում և արտասահմանյան մի շարք երկրներում` արժանանալով նաև մրցանակների:


2011 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին: 26-ամյա Գոռ Սուջյանը 2013թ. ընտրվեց, որպես Հայաստանը «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում ներկայացնող անձ:


Հայաստանը երգի այս մրցույթին մասնակցում է 2006-ից։ Առաջին անգամ «Եվրատեսիլին» Հայաստանից մասնակցել է երգիչ Անդրեն։


«Եվրատեսիլ-2013»-ը արդեն թվով 58-րդ մրցույթն է, որը այս տարի պետք է կայանա շվեդական Մալմո քաղաքում: