Այսօր կորոշվի «Եվրատեսիլին» ներկայացվելիք երգը

14:54 • 02.03.13

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր՝ ժամը 21.30 –ին, կկայանա Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի կողմից ներկայացվելիք երգի ընտրությունը:


Ինչպես Tert.am –ին հայտնեց Հայաստանում «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը և «Դորիանս» խումբը կկատարեն չորս երգ, որոնցից էլ ընտրություն կկատարվի՝ ժյուրիի և հանդիսատեսի կողմից՝ 50/50 սկզբունքով:


Հանդիստեսի քվեարկությունը կկայանա նախընտրած երգին հավաքված առավելագույն sms-ների միջոցով: Մրցութային երգերն են՝ Lying, Lonely Planet, No time, Toy Planet:


«Երգերի հեղինակների անունները այս անգամ չեն նշում, որպեսզի ընտրության հարցում որոշողները կաշկանդված չլինեն: Հաղթող ճանաչվելիք երգի երաժշտության հեղինակի անունը կհրապարակվի մրցույթից հետո»,-ասաց Գոհար Գասպարյանը:


Նույն նպատակով չեն նշվում նաև պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում գտնվող անդամների անունները:


Tert.am–ը Գոռ Սուջյանի մենեջեր Արա Թադևոսյանից հետաքրքրվեց, թե Գոռ Սուջյանն ինքը ո՞ր երգն է նախընտրում, սակայն վերջինս ասաց.«Կա չորս երգ, և մենք նախընտրություն չունենք: Նախընտրելի է հաղթող երգը»:


Հայաստանը երգի այս մրցույթին մասնակցում է 2006-ից։ Առաջին անգամ «Եվրատեսլին» Հայաստանից մասնակցել է երգիչ Անդրեն։