Ընթերցանության սառույցն, իրոք, ճաք է տվել. Լևոն Անանյան
Ընթերցանության սառույցն, իրոք, ճաք է տվել: Գրողների համաշխարհային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանը, ով խոսեց ոչ այնքան գրողների խնդիրների, որքան վերջին տարիներին ձեռք բերած հաջողությունների մասին։
«Մարտի 3-ը արդեն 27 տարի աշխարհը նշում է որպես գրողի մեծարման օր։ Գրողների միությունն այսօր համախմբում է շուրջ 500 ստեղծագործողների, որոնց գերակշիռ մասը Հայաստանում է՝ շուրջ 350 գրող, 50-ն Արցախում է և փետրվարից արդեն լիիրավ անդամ դարձան սփյուռքի մեր գրողներից»,- ասաց նա։
Լևոն Անանյանն ընդգծեց, որ պետության մասնակցությունն այս գործում բավականաչափ մեծ է։ «Պետություն արդեն 8 տարի է իր բաժին մասնակցությունը բերում է, նկատի ունեմ պետական պատվերն ու աջակցությունը։ Պետբյուջեից տարեկան շուրջ 140 մլն դրամ հատկացվում է տարբեր ժանրերի գրքերի ու գրականության անվանակարգմանը, որոնք բազմազան են։ Դրանով տարեկան շուրջ 250 անուն գիրք է հրատարակվում, որը փոքր թիվ չէ»,- ասաց միության նախագահը։
Նա նշեց, որ պետական մասնակցությունն է նաև խոշոր ծավալի միջոցառումների կազմակերպումը ինչպես, օրինակ՝ գրատպության 500-ամյակն էր, որն ըստ նրա, մեկ տարի շարունակ դարձավ գիրքը քարոզելու լավագույն հարթակ։ Նաև նշեց, որ պետական միջոցներ են տրամադրվել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ծրագրի իրականացման համար։
Մյուս հարցերում արդեն, ըստ միության նախագահի՝ հոգսերը դրվում են միության և կոնկրետ գրողի վրա։ «Գիրքը տպագրվում է, որովհետև բացի պետական աջակցությունը նաև անհատների խնդիրն է»,-ասաց նա։
Լևոն Անանյանը կարևորեց նաև հրատարակիչների դերը։ «Հրատարակիչների ասոցիացիան շատ համախմբված կարողացավ ճեղքել այդ ճահիճը։ Այսօր մենք տեսնում ենք, որ 4-5 հրատարակչություններ կայացել են և իրենց շահույթի հաշվին, իրենց ընտրությամբ տպագրում են գրքեր, այսինքն՝ գիրքն աստիճանաբար դառնում է ապրանք, այսինքն՝ գրահրատարակչության ոլորտը սկսում է դառնալ եկամտաբեր, հատկապես, շեշտը դրվում է մանկական գրականության վրա»,- ասաց նա։
Ըստ «Գրողների միության» նախագահի՝ մեծ պահանջարկ կա, հատկապես, դասական ու մանկական գրականության։
Լևոն Անանյանը նշեց, որ «Գրողների միությունը» մեծ դժվարությամբ «Նոր գիրք» գրախանութը բացեց միության առջև, որտեղ շեշտը դրվել է ժամանակակից գրողների գրքերի վաճառքի վրա։
«Որովհետև մյուսներում դժվար է գնել ժամանակակիցների գործերը։ Արդեն երրորդ շաբաթն է, մենք նոր նախաձեռնություն ենք անցկացնում. գիրքը մակագրում է հենց հեղինակը, յուրաքանչյուր երեքշաբթի երկու գրող առավոտյան և կեսօրից հետո մակագրում են, և դուք պետք է տեսնեք ինչ ոգևորություն է, սա մի նոր շարժում է։ Նախորդ շաբաթ Սուրեն Մուրադյանն էր մակագրում»,- ասաց նա։
Անանյանը հավատացնում է, որ այսօր արդեն գրողը գնահատվում է. «Նկատի ունեմ պետական մրցանակը, ՀՀ նախագահի մրցանակը, «Գրողների միության» նախագահության ամենամյա մրցանակը, Արա Աբրահամյանի հիմնադրամի մրցանակները, տարբեր հիմնադրամների, գերատեսչությունների, մրցանակները, Թեքեյան և այլն։ Այսինքն՝ լիարժեքորեն ունենք հնարավորություն գեղարվեստական չափորոշիչների առումով գնահատելու»,- ասաց նա, ապա շարունակեց, որ իրենք ունենան նաև շուրջ 10 գրական պարբերական։
Խնդիրներից, ըստ նրա՝ ամենադժվարը հոնորարի հարցն է։ «Մենք հասկանում ենք, որ գրողը, մտավորականը ամենախոցելի խավերից է, և գրողի աշխատանքը, բնականաբար, պետք է վարձատրվի, իսկ պետական պատվերն ու աջակցությունը նույնպես շատ խորհրդանշական է և ընդհանրապես չունեն հոնորարային ֆոնդ»,- ասաց նա և տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ որոշում է կայացվել բացել մամուլի հոնորարի հիմնադրամ։
Նա նշեց, որ իրենք այսօր փորձ են անում նաև հանրային հեռուստաընկերության հետ գրքին ժամ տրամադրել, որը մինչ այժմ մերժվել էր։










