Թատրոնի և կինոյի ինստիտուտում այս տարի կրկեսային կուրս կբացվի. կրկեսի գեղարվեստական ղեկավար
Թատրոնի և կինոյի ինստիտուտում այս տարի կրկեսային կուրս է բացվելու, որտեղ կպատրաստվեն մասնագետներ և արդեն նոր կառուցվող կրկեսը կհամալրվի նոր մասնագետներով: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը՝ հավելելով, որ ինստիտուտի ռեկտորի հետ արդեն համաձայնության են եկել:
«Այդ հատուկ կուրսում մի քանի ռեժիսորներ կընդունենք՝ մինչև ութ հոգի, ցանկացողները շատ են, քանի որ նոր կրկես է կառուցվում, բոլորս էլ սկսում ենք նորովի մտածել, և շահագրգռվածությունը մեծ է»,-ասաց Սոս Պետրոսյանը և նաև նշեց, որ ճիշտ է, կրկեսն առայժմ քանդված է, բայց իրենք չեն կանգնել, հատուկ տեղ են վարձակալել, որտեղ իրենց գործուներությունն են ծավալում: «Մենք երկու փոքրիկ խմբեր ունենք, շրջում ենք և բարեգործական ներկայացումներ ունենում տարբեր վայրերում»,- ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենց մոտ հիմա լայնածավալ ընդունելություն է տեղի ունենում, և ուսումն անվճար է, իսկ երբ արդեն նոր կրկեսը պատրաստ լինի, կլինեն նաև նոր կադրեր:
Սոս Պետրոսյանը, սակայն, մեկ այլ մտահոգություն ունի. ամբողջ Հայաստանում մեկ հոգի կրկեսային թեզ է պաշտպանել, այն էլ ինքն է եղել: «Ես ուզում եմ, որ ներկայիս երիտասարդները նույնպես թեզեր պաշտպանեն կրկեսի մասին, քանի որ այն մի առանձին մշակույթ է»,-ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ Սոս Պետրոսյանը մեզ ավելի վաղ տեղեկացրել էր, որ կրկեսի վերանորոգման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն 2014թ-ի վերջին:










