Չինաստանը նոր տիեզերական մեկնարկային հարթակ է կառուցում

11:13 • 03.03.13

Չինական նոր մեկնարկային տիեզերական հարթակը, որը կառուցվում է  Հայնան տրոպիկական կղզում՝ Վենչան քաղաքի մերձակայքում, կշահագործվի 2 տարվա ընթացքում: Այս մասին այսօր հայտնել է Համաչինական ազգային քաղաքական խորհրդատվական խորհրդի կոմիտեի ներկայացուցիչ, տիեզերական ծրագրերի՝ սարքավորումների մասով գլխավոր նախագծող Չժոու Ցզյանպինը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
 

«Տիեզերական մոդուլների և կառավարվող հրթիռների արձակման հրապարակը 2 տարվա ընթացքում պատրաստ կլինի»,- նշել է  Ցզյանպինը: Նրա խոսքով նոր տիեզերական հարթակից հրթիռային մեկնարկները կիրականացվեն «Չանչժեն-7» և «Չանչժեն-5» նոր սերնդի հրթիռակիրների օգնությամբ: Այս պլատֆորմը հիմնականում կօգտագործվի ծանր արբանյակներ,  տիեզերակայաններ, ինչպես նաև հեռավոր տիեզերքի ուսումնասիրման արբանյակներ ուղեծիր դուրս բերելու համար: Նախատեսվում է այս հարթակից տարեկան 12 արձակում իրականացնել:

 

Ներկայումս Չինաստանում գործում են երեք տիեզերական պլատֆորմներ՝ Ցզյուցյուանը (1958), Թայուանը (1967) և Սիչանը (1970): Մասնագետների համոզմամբ, նոր՝ չորրորդ մեկնարկային կայանը արձակման լավագույն պայմաններ կապահովի՝ շնորհիվ հասարակածին մոտ իր դիրքի:
 

Չինաստանը նոր տիեզերական մեկնարկային հարթակ է կառուցում