Մուսուլմանական կինոյի Կազանի միջազգային փառատոնի ժյուրին կգլխավորի Կարեն Շահնազարովը

15:10 • 04.03.13

«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, հայազգի հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովն այս տարի կգլխավորի մուսուլմանական կինոյի Կազանի միջազգային փառատոնի ժյուրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Թաթարստանի նախագահի մամուլի ծառայությանը։



Շահնազարովը Թաթարստանի մայրաքաղաք Կազան է այցելել «Թաթարկինո»-ի հրավերով՝ իր «Սերը ԽՍՀՄ-ում» ֆիլմի շնորհանդեսի նպատակով։ Երկրի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ հանդիպմանը քննարկվել են թաթարական կինեմատոգրաֆի զարգացմանն առնչվող հարցեր։


Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության՝ Շահնազարովին առաջարկվել է գլխավորել կինոփառատոնի ժյուրին, նա տվել է իր համաձայնությունը։


Փառատոնն անցկացվում է 2005-ի սեպտեմբերից։ Բացի 10 անվանակարգերում գլխավոր մրցանակներից, ավանդաբար հանձնվում են նաև մի քանի հատուկ մրցանակներ։

2012-ին ընտրական հանձնաժողովի անդամներին ուղարկվել է ավելի քան 400 ֆիլմ՝ աշխարհի 55 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 40 աշխատանք՝ 28 երկրից՝ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, կարճամետրաժ և լիամետրաժ վավերագրական ֆիլմեր։