Մոսկվայի Հայկական թատրոնում այսօր պրեմիերա կլինի

17:38 • 04.03.13

Ռուսաստանի մայրաքաղաքում Մոսկվայի Հայկական թատրոնն այսօր հանդես կգա «Քասթինգ» ներկայացման առաջնախաղով, որը պատմում է մի դերասանուհու ճակատագրի մասին, հայտնում է Культура հեռուստաալիքը:

 

Դա իրենից ներկայացնում է պիես-մենախոսություն, որի ընթացքում դերասանուհին հիշում է իր թատերական կենսագրության տարբեր էջեր: Գլխավոր դերակատարուհին Լիրա Այլարովան է:

 

Աղբյուրը նշում է, որ Մոսկվայի Հայկական թատրոնի պատմությունը սկսվում է 20-րդ դարի 20-ական թվականներից, երբ հայ բարերարներ Լազարև կոմսերի տանը սկսեց գործել Երկրորդ (Հայկական) դրամատիկ թատրոնը: Այդ թատրոնը գլխավորում էր Սուրեն Խաչատուրովը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մեծ եղբայրը:

 

Այս ստուդիայի և թատրոնի զարգացման գործում անգնահատելի է Կոնստանտին Ստանիսլավսկու և Եվգենի Վախթանգովի դերը: Թատրոնի գործունեությունն ավելի ուշ ընդհատել է Լավրենտի Բերիան:

 

2002-ին թատրոնը վերստեղծել է Սերգեյ Փարաջանովի աշակերտ, ռեժիսոր, դերասան, դրամատուրգ Սլավա Ստեփանյանը: