Սփյուռքահայերին մրցանակներ են հանձնվել՝ հայապահպանության գործում ավանդի համար
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր կայացավ նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության կողմից համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունը,որի արդյունքների ամփոփմամբ տարբեր անվանակարգերում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան եկած սփյուռքահայեր ստացան դիպլոմներ, դրամական պարգևներ և խրախուսական մրցանակներ։
Ողջունելով ներկաներին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ մրցույթին մասնակցելու համար բոլոր դիմողներն էլ իր համար հաղթող են։
«Այս ծրագիրը միայն պետությունը չի իրականացնում, այլ իրականացնում է համահայկական կազմակերպությունների հետ միասին։ Եվ մեր ծրագրերը համահայկական նշանակություն ունեն, իսկ այս ամենն ուղված է հայապահպանությանը, քանի որ մեր այսօրվա ամենադաժան թշնամին ուծացումն է»,– ասաց նա։
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի» տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը։
Մրցույթն անց է կացվում 2010թ.–ից։ Այս տարվա համար հաստատվել են մրցանակաբաշխության «Երիտասարդական, ուսանողական կազմակերպություն», «Հայրենիք, քեզ այսպիսինն եմ տեսնում» մանկական ստեղծագործությունների մրցույթ, «Մայր իմ անուշ ու անգին» շարադրությունների մրցույթ և «Մայրենիի պաշտպան» անվանակարգերը։
Նախորդ տարի մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվել են «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև «Ցեղասպանության 100–ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթները։ Բոլոր անվանակարգերով ներկայացված հայտերի ընդհանուր թիվը կազմել է 144։










