Աշխարհում ամենից շատ քթի պլաստիկ վիրահատություն է կատարվում Իրանում
Իրանում քթի ձևի փոփոխման նպատակով 7 անգամ ավելի շատ պլաստիկ վիրահատություն է կատարվում, քան Միացյալ Նահանգներում, ինչի շնորհիվ Իրանը ճանաչվել է ռինոպլաստիկայի համաշխարհային կենտրոն, հայտնում է Pravda.ru-ն։
Մեկ վիրահատության արժեքը կազմում է 5-6 միջին վիճակագրական աշխատավարձ, սակայն այս հանգամանքը չի կանգնեցնում իրանցիներին. ռինոպլաստիկայի օգնությանն է դիմում տարեկան 200 հազար իրանցի։ Ամենից հաճախ վիրահատական դանակի տակ են պառկում հարսանիքից առաջ, սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ ծնողները բժշկի մոտ են բերում իրենց դեռահաս աղջիկներին, ովքեր տառապում են ցածր ինքնագնահատականով։
Ներկայում միայն մայրաքաղաք Թեհրանում գործում է 157 արտոնագրված պլաստիկ վիրաբույժ, սակայն նրանց մեծ մասը նախընտրում է աշխատել առանց արտոնագրի։ Նման մասնագետների թիվը 7 հազար է։ Սխալ իրականացված վիրահատության հետևանքով այցելուի մոտ ի հայտ են գալիս շնչուղիների հետ կապված հիվանդություններ, ցավեր, սակայն արտոնագիր չունեցող բժիշկներն ավելի էժան գներով են վիրահատում, ինչի արդյունքում էլ նրանք մեծ հեղինակություն են վայելում դիմողների շրջանում։










