Պիկասոյի անհայտ կտավն առաջին անգամ կցուցադրեն հանրությանը
Ֆրանսիական Լուվրի մասնաճյուղ հանդիսացող «Լուվր Աբու-Դաբին» ձեռք է բերել Պաբլո Պիկասոյի կտավը, որը նախկինում երբեք չէր ցուցադրվել հանրությանը: «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի կայքում նշվում է, որ արվեստի գործը կրում է «Տիկնոջ պատկերը» անվանումը, գրում է Lenta.ru-ն:
Կտավի վրա, որն այսքան ժամանակ պահպանվում էր մասնավոր հավաքածուում, ենթադրաբար պատկերված է ֆրանսիացի բնորդուհի Նատալյա Պալեյը՝ Ալեքսանդր II կայսեր թոռնուհին: Պիկասոյին Պալեյի հետ ծանոթացրել է նրա ընկերը՝ գրող և ռեժիսոր Ժան Կոկտոն:
Arabian Business կայքը հայտնում է, որ այս կտավը հիշատակվում էր անգլիացի արվեստաբան և Պիկասոյի կենսագիր Ջոն Ռիչարդսոնի «Պիկասոյի կյանքը. Վերելքի տարիները, 1917-1932» գրքում:
Կտավն առաջին անգամ կներկայացվի ցուցահանդեսին, որը կբացվի ապրիլի 22-ին՝ Սաադիայատ արհեստական կղզու վրա պատրաստաված Manarat Al Saadiyat կենտրոնում: Բացի այս նկարից ևս 130 կտավ կներակայացվեն «Թանգարանի ծնունդը» անունը կրող ցուցադրության ժամանակ: 2015 թվականին, երբ կբացվի «Լուվր Աբու Դաբի»-ն, այն կտեղափոխվի թանգարան:
Դեռևս հայտնի չէ, թե թանգարանը ինչքան է վճարել իսպանացու աշխատանքի համար:










