Նստած կենսակերպը կյանքից խլում է մի քանի տարի. բրիտանացի գիտնականների եզրակացությունը

08:09 • 05.03.13

Այսօր նստած կենսակերպը մեր կյանքում սկսել է մեծ տեղ գրավել՝ տանը մեզ սպասում են բազմոցները, աշխատանքի վայրում աթոռները և այսպես շարունակ: Ըստ հետազոտությունների, ժամանակակից մարդն օրական 10 ժամ նստած է անցկացնում, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նրա առողջության վրա: Նստելու ընթացում օրգանիզմն արյան մեջ կենտրոնացնում է վտանգավոր ծավալի հասնող շաքար և ճարպ, ինչը բարձրացնում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը: Իսկ այն դեպքում, երբ մարդ կանգնած է կամ քայլում է, ապա այն մկանների շարժը արյան մեջ առկա շաքարը վերածում են էներգիայի, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայում գտնվող Լեսթերի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով ստացված տվյալները: Անցկացվող փորձարկումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էին շուրջ 60.000 մարդ, պարզել են, որ բոլոր նրանք, որոնք օրական 4 ժամից ավել են նստում բոլորից շատ են հակված խրոնիկ հիվանդություններին: Նրանց մոտ կարող են զարգանալ սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա և նույնիսկ քաղցկեղ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր նստած ժամի հետ զուգահեռ մեծանում է այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:


Իսկ ավստրալացի գիտնականները սարսափելի կանխատեսումներ են անում, որոնք ժամանակակից մարդու համար, ով համակարգչի առաջ է անցկացնում ոչ միայն աշխատանքային ժամերը, այլ նաև ազատ ժամերը, հնչում են, որպես մահվան վճիռ: Այն մարդկանց մոտ, ովքեր օրական 11 ժամից ավել են գտնվում նստած վիճակում, մոտակա 3 տարիներին մահանալու վտանգը 40%-ով ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նստած վիճակում ավելի քիչ ժամանակ են անցկացնում:


Եվս մեկ մահացու վտանգ կրում է «անշարժ նստելու համախտանիշ» անունը կամ՝ պարզապես տրոմբոզ: Առաջին դեպքը գրանցվել է 2004 թվականին, երբ համակարգչի առջև 80 ժամ անցկացրած 24-ամյա առցանց խաղերի սիրահարին պահանջվել էր շտապ վիրաբուժական միջամտություն:


Շատ ընկերությունների ղեկավարներ փորձում են այլընտրանք գտնել նստելուն: Նրանք իրենց մշտապես նստած աշխատակիցների համար կազմակերպում են կանգած աշխատատեղեր կամ բանակցային սենյակներ, որտեղ հնարավոր կլինի քայլել և շփվել, իսկ երբեմն պարզապես վերցնում են աթոռները:


Սակայն, եթե բոլոր գործերը արված են, և աշխատանքային օրն ավարտված է, գիտնականները և բժիշկները խորհուրդ են տալիս դեպի տուն գնալ ոտքով՝ նշելով, որ ամենօրյա զբոսանքներն ավելի օգտակար են, քան մարզադալիճում մարզվելը:

 

Նստած կենսակերպը կյանքից խլում է մի քանի տարի. բրիտանացի գիտնականների եզրակացությունը