Volkswagen Golf-ը ճանաչվել է տարվա մեքենա
Դժվար թե որևէ մեկի համար անակնկալ լինի այն փաստը, որ ավտոմոբիլային մրցույթներից ամենահեղինակավորի՝ «Տարվա լավագույն եվրոպական մեքենա»-ի շրջանակներում հաղթող է ճանաչվել այն մեքենան, որը համարվում է ամենապահանջվածը շուկայում։ Ինչպես նշում է Вести-ն, խոսքը մասնավորապես վերաբերվում է անցած տարի Փարիզի ավտոսալոնում ներկայացված 7-րդ սերնդի Volkswagen Golf-ին։
Քվեարկության ընթացքում այս մեքենան հավաքել է 414 բալ, ինչն առավելապես պայմանավորված է Golf-ի անվտանգության, մատչելիության և հարմարավետության բարձր ցուցանիշներով։ Մրցույթի շրջանակներում «գերմանացու» գլխավոր մրցակիցը եղել է ճապոնական Toyota GT86 սպորտային կուպեն, որը հավաքել է ընդամենը 202 բալ։ Լավագույն եռյակը եզրափակում է շվեդական Volvo V40 հեթչբեքը։
«Տարվա լավագույն եվրոպական մեքենա» մրցույթը, որը հայտնի է նաև Car of the year անվանումով, համարվում է նմանատիպ այլ մրցույթների շարքում ամենահեղինակավորը։










