ԵՄ-ն չիրականացված խոստման պատճառով Microsoft-ին տուգանել է 732 մլն դոլարով

17:43 • 06.03.13

Ամերիկյան հանրահայտ Microsoft ընկերությունը Եվրոպական միության կարգավորիչ մարմինների կողմից տուգանվել է 561 մլն եվրոյով, ինչը համարժեք է 732 մլն դոլարին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Microsoft-ը չի կատարել Windows օպերացիոն համակարգի իր միլիոնավոր օգտատերերին ինտերնետ դիտարկչի (браузер) ընտրության հնարավորություն տրամադրելու խոստումը։

 

Կարգավորիչ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ Microsoft-ն իր 15 մլն օգտատերերին դիտարկչի ընտրության հնարավորություն տրամադրելու փոխարեն նրանց «վզին է փաթաթել» Internet Explorer դիտարկիչը։

 

ԵՄ-ի մրցակցության հարցերով հանձնակատար Հոակին Ալմունյան նշել է, որ այս տուգանքը նախազգուշացում կլինի մյուս ընկերությունների համար, որոնք ապագայում կորոշեն նմանատիպ խոստումները չիրականացնել։ Microsoft-ն այս կապակցությամբ հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել։ Այնուամենայնիվ, ընկերությունը հասկացել է, որ իրեն չի հաջողվի վիճարկել տուգանքի չափը։
 

ԵՄ-ն չիրականացված խոստման պատճառով Microsoft-ին տուգանել է 732 մլն դոլարով