TelePod, Mobi, MicroMac. ինչպես կարող էր անվանվել iPhone-ը, եթե չլիներ Ջոբսի որոշումը
Ամերիկյան հեղինակավոր Apple ընկերության գովազդային բաժնի նախկին աշխատակից Քեն Սեգալը մի շարք հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտել ներկայում համաշխարհային մեծ ճանաչում վայելող «խնձորային» սմարթֆոնի վերաբերյալ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը, մասնավորապես, բրենդի ամենահայտնի iPhone գաջեթի անվանման մասին է։
ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Սեգալը պատմել է, որ մինչ Սթիվ Ջոբսը որոշել է հեղափոխական սմարթֆոնն iPhone կնքել, մասնագետները քննարկել են մի քանի հնարավոր տարբերակներ, որոնցից էին՝ TriPod, TelePod, Mobi, MicroMac և նույնիսկ iPad։ Նախկին աշխատակիցն ընդգծել է, որ նշված անուններից ամենաշատը հավանության է արժանացել TelePod-ը:
Ի վերջո, երկար քննարկումներից հետո Ջոբսը կանգ է առել iPhone տարբերակի վրա և չի սխալվել իր ընտրության հարցում։ Այժմ iPhone-ը համարվում է համաշխարհային ֆենոմեն և էլեկտրոնիկայի պատմության մեջ ամենաշատ ճանաչումը վայելող սարքերից մեկը։










