Արդյո՞ք իսլամը մշակույթ է. Zaman
Մշակույթի մասին, դրա ծագման պահից, բավականին շատ է գրվել և ասվել: Դա մի հասկացություն է, որն ի սկզբանե ներմուծվել է գերմանացիների կողմից և մինչ այժմ բանավեճի առարկա է: Մարդաբանները մշակույթի մոտ 360 բնորոշումներ են ներկայացնում: Իսլամի և մշակույթի հարաբերությունների վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակել թուրքական Zaman պարբերականը:
Իսլամական ինտիլիգենցիայի մի մասը հակված են այն մտքին, որ «իսլամը գերիշխող մշակույթ է»: Հիմնականում այդ կատեգորիայի մտավորականությունը ներմուծում է գործիքներ և կառույցներ, որոնք Արևմուտքում են ծագել՝ անտեսելով ծագումնաբանական խնդիրները: Ընդօրինակելով դրանք, ընտրում է ճանապարհ, որն անտարակույս տանում է դեպի «իսլամացում», իսկ հետո գերակա է դառնում այն գաղափարը, որ իսլամացված իրերն այժմ «մեզ են պատկանում»:Այդ ուղու ամենահիմքում ընկած է մի մոլորություն: «Իսլամացումը», որին դիմում են ժամանակակից մուսուլմանները որպես պայքարի որոշակի միջոց և մեթոդ, հայտնվում է անհնարին և անօրինական կերպով, գրում է հոդվածագիրը:
Դրա կենդանի օրինակն է այն կապը, որը անհիշելի ժամանակներից փորձում են հաստատել «իսլամի» և «մշակույթի» միջև, քանի որ այն, ինչ վերաբերում է հիմունքներին և փիլիսոփայական նախադրյալներին, ապա «մշակույթ» հասկացությունը չի կարող իսլամիզացվել, կարծում է հոդվածագիրը:
Մշակույթ մարդուն բնորոշ գործունեություն է, որը հաստատուն պարամետրեր չունի, այն իր բնույթով երկրային, աշխարհիկ, այլ խոսքով, ոչ կրոնական գործունեություն է, ինչպես նաև ազգային գործունեություն:
Մշակույթի նպատակը` հասարակության աշխարհիկացումն է և ոչ կրոնական հիմքով ազգային ձևավորման համար համապատասխան ենթահողի նախապատրաստումը, որը համադրելի կլինի առանձին անհատների կյանքի հետ:
Ժամանակակից պետությունները գոյություն ունեն մշակույթի ուժով: Պետությունը, որը ցանկանում է ազգ ստեղծել, դա կատարում է մշակույթի միջոցով:
Միևնույն ժամանակ, որակապես լրիվ այլ է մարդու գոյության հիմքը կրոնական աշխարհում:
Ձեռք բերած առաջին գիտելիքների հիման վրա մարդը ստիպված է կապ պահել աշխարհի կարգի և բնության հետ և այդ կապերի արդյունքում նոր գիտելիքներ է ստանում: Այդ գիտելիքները, որոնք տրվում են մեզ մեր գիտակցության պահից և ստացվում են բացառապես Տիրոջ շնորհով` «դրանք նվիրված գիտելիքներ են»:
Ըստ հոդվածագրի՝ կարելի է խոսել «իսլամի իմաստության մասին», սակայն «իսլամի մշակույթի մասին» խոսելը հնարավոր չէ: Այնտեղ, ուր մշակույթ է խառնվում, էթնիկ խմբերի միջև պոտենցիալ հակասություններ են ծագում, քանի որ յուրաքանչյուր էթնոս սեփական մշակույթն է ստեղծում: Եթե գոյություն ունի «թուրքական մշակույթ», ապա պետք է լինի նաև «քրդական մշակույթ»:
Հոդվածագրի համոզմամբ՝ «իսլամը գերիշխող մշակույթ է» տեսակետի տարածումը նշանակում է մի բան, որ արևմտյան մոդեռնիզմը ջանում է իսլամի վրա իշխել` դրա մշակութայնացմամբ:










