Ճապոնացիներն արտադրել են աշխարհի ամենաթեթև հեռախոսը (լուսանկարներ)
Ճապոնական Willcom բջջային օպերատորը ներկայացրել է նոր հեռախոս, որը կշռում է ընդամենը 32 գրամ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Verge-ին: Հեղինակները սարքն անվանում են «աշխարհի ամենափոքր և ամենաթեթև» բջջային հեռախոս:
PhoneStrap 2 անունը ստացած հեռախոսի երկարությունը կազմում է 70 մմ, լայնությունը 32 մմ, իսկ հաստությունը 10.7 մմ: Սարքը համալրված է թվային ստեղնաշարով և մեկ դույմանոց գունավոր էկրանով: Phone Strap 2-ը չունի տեսախցիկ, սակայն ունի ինֆրակարմիր ելք:

Willcom-ը նախատեսում է, որ այս հեռախոսը կօգտագործվի, որպես համալրող սարք սմարթֆոններին և պլանշետներին: Phone Strap 2-ի միջոցով հնարավոր կլինի զանգեր կատարել և էլեկտրոնային նամակագրություն պահպանել: Սակայն հեռախոսով կարելի է խոսել ընդամենը 2 ժամ:
Սարքը կարտադրվի միայն Ճապոնիայում: Willcom-ը նշում է, որ հեռախոսները կարտադրվեն սահմանափակ քանակով՝ ընդամենը 12.000 օրինակ: Դեռևս հայտնի չէ, թե ինչքան կարժենա հեռախոսը: Նշենք, որ Willcom-ի սարքը նախատեսված է ճապոնական PHS ցանցերի համար, որոնք գոյություն չունեն Եվրոպայում:










