Facebook-ի օգտատերերը թերագնահատում են իրենց լսարանը
Գրեթե յուրաքանչյուր «Facebook-ցի» գիտի, թե քանի վիրտուալ ընկեր ունի այդ սոցցանցում, սակայն քչերն են իրականում պատկերացնում, թե քանի մարդ է տեսնում սոցիալական ցանցում հրապարակած իրենց գրառումը: «Լայքերի» և մեկնաբանությունների քանակը ամենևին էլ հուսալի ցուցիչ չէ, գրում է vesti.ru-ն:
Գիտնականների իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ օգտատերերի մեծամասնությունը թերագնահատում է իր լսարանը:
Գիտական աշխատանքը կատարվել է Սթենֆորդի համալսարանի տեղեկատվական վերլուծաբաններ Միշել Բերնշտեյնի, Իտոն Բեքշիի, Մոյրա Բյուրքի և Բրայեն Քերրիերի կողմից: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, Facebook-ում յուրաքանչյուր «փոսթ» (գրառում) միջինը աչքի է ընկնում հրապարակողի վիրտուալ ընկերների շրջանում երեքից մեկին:
Գիտնականները ստացել են այդ թվերը՝ վերլուծելով Facebook-ում արված 220 հազար «փոսթեր», որոնք արվել են 2012թ. հունիսին:
Վերլուծաբանները նաև հարցումներ են անցկացրել օգտատերերի շրջանում, թե ինչպես են նրանք գնահատում իրենց լսարանի ծավալը:
«Մարդիկ մշտապես թերագնահատում են իրենց ընթերցողների քանակը», - նշում են հետազոտության հեղինակները:
Դա պայմանավորված է նրանով, որ Facebook-ն անընդհատ փոփոխում և կատարելագործում է իր ալգորիթմը, որը պատասխանատու է լրահոսում նոր գրառումների ցուցադրման համար: Դա հանգեցնում է նրան, որ օգտատերերը չեն հասցնում ընտելանալ փոփոխություններին և հարմարվել դրանց:










