Անդրեյ Պանինը մահից առաջ խնդրել է միայնակ թողնել իրեն. ռեժիսոր Խուդոյնազորով

16:16 • 07.03.13

ՌԴ հայտնի դերասան Անդրեյ Պանինը մահից մեկ շաբաթ առաջ խնդրել է միայնակ թողնել իրեն, հայտնում է heat.ru-ն` վկայակոչելով «Մայոր Սոկոլովի հարճերը» ֆիլմի ռեժիսոր Բախտիյար Խուդոյնազորովին, որում նկարահանվել է նաև Պանինը։

 

«Մենք այդ ժամանակ մեր ողջ նկարահանող խմբի հետ վերադարձանք Ղրիմից»,- արցունքները մի կերպ զսպելով պատմել է Խուդոյնազորովը՝ հավելելով. «Մենք նրա հետ ընկերներ էինք 20 տարի։ Վերջին շրջանում նա շատ միայնակ էր։ Նրա կողքին ոչ ոք չկար»։

 

Ղրիմում նկարահանումները տևել են մոտ 4 ամիս։ Առաջիկայում դեռ պետք է նկարահանումներ լինեին Վիբորգում, Պետերբուրգում, Հելսինկիում։ Մոսկվա վերադառնալիս նա ասել է, որ ցանկանում է հանգստանալ և միայնակ մնալ։

 

Նա, ի դեպ, այս ֆիլմում կերտել է դրական կերպար։ «Մենք կատարել էինք աշխատանքի 70 տոկոսը, մնում էր միայն ֆիլմի ավարտը՝ 25-30 րոպեն նկարել»,- ասել է ռեժիսորը։

 

Հիշեցնենք, որ 50-ամյա դերասանը մահացած էր հայտնաբերվել այսօր առավոտյան՝ ժամը 11։00-ի սահմաններում, Մոսկվայի իր բնակարանում։ Դերասանն առավել հայտնի է հանդիսատեսին «Բրիգադա», «Կամենսկայա» ֆիլմերից։

Ենթադրվում է, որ նա ընկել է և գլխով հարվածել գետնին։