Վաղաժամ մահը կապված է ապխտած մսի օգտագործման հետ. գիտնականներ

14:00 • 07.03.13

Եվրոպացի գիտնականները 1,5 մլն եվրոպացիների շրջանում ուսումնասիրություն են անցկացրել և հանգել այն եզրակացության, որ ապխտած մսի՝ նրբերշիկների, խոզապուխտի և նմանատիպ այլ մթերքների օգտագործումն ուղղակիորեն կապված է վաղաժամ մահացությունների հետ։

 

Ինչպես նշում է BBC-ն, մասնագետների կարծիքով՝ ապխտած մսով հագեցած սննդակարգը հանգեցնում է սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդությունների և վաղաժամ մահացությունների։ 13 տարի տևած ուսումնասիրության հեղինակները նշում են, որ միսն ապխտելու ընթացքում օգտագործվող աղերն ու քիմիական նյութերը վնասում են առողջությանը։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ չափից ավելի ապխտած միս ուտողներն ավելի շատ ծխելու, ճարպակալման և առողջությանը վնասող այլ սովորույթների հակում ունեն։

 

Ուսումնասիրության ընթացքում մասնագետներն արձանագրել են, որ յուրաքանչյուր 17-րդ մասնակիցը մահացել է, և իր կենդանության օրոք օգտագործել է օրական միջինը 160 գրամ ապխտած միս։ Ընդհանուր առմամբ այդ ընթացքում 10 հազար մարդ մահացել է քաղցկեղից և 5,5 հազարը՝ սրտի հետ կապված խնդիրներից։

 

Մասնագետները նշում են, որ վաղաժամ մահացության դեպքերից, ինչպես նաև վերոնշյալ հիվանդություններից խուսափելու համար հարկավոր է ապխտած մսի չափաբաժինը հասցնել օրական 20 գրամից ոչ ավելի։ Բացի այդ, նրանք խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ հավի մսին և ձկնեղենին։
 

Վաղաժամ մահը կապված է ապխտած մսի օգտագործման հետ. գիտնականներ