Ամերիկահայ նկարչի տան ձեղնահարկում հայտնաբերված նկարները գնահատվել են 30 մլն դոլար
Ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանի տան ձեղնահարկում 2007թ. հայտնաբերված կտավներն ու գծանկաները գնահատվել են 30 միլիոն դոլար:
Փինաջյանը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց հենց 2007թ., հետմահու, երբ իր՝ Բելփորթ քաղաքի (ԱՄՆ, Նյու Յորք) տան գնորդը հայտարարեց, որ ձեղնահարկում ու ավտոնտակում կտավներ, գծանականեր, գրքերի պատկերազարդումներ է հայտնաբերել( 3000-ից ավելի):
Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, նկարիչը կենդանության օրոք քրոջը պատգամել էր իր մահից հետո դեն նետել բոլոր գործերը, քույրը չէր համարձակվել...: Քրոջ (անունը՝ Արմեն) մահից հետո (2005թ.) նկարչի հարազատները որոշել էին տունը վաճառել: Երջանիկ գնորդը Թոմաս Շուլցն է. նա, տան համար վճարելով 300 հազ. դոլար, որոշել էր «չազատվել գտածոյից», դիմել էր մասնագետների օգնությանը՝ նկարչի գործերի արժեքը գնահատելու համար: Փինաջյանի «ժառանգությունը» գնահատել է ամերիկացի հայտնի արվեստաբան Փիթեր Հասթինգս Ֆոլքը:
Փինաջյանը ծնվել է 1914թ.՝ Նյու Յորք նահանգում: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Փինաջյանը կենդանության օրոք ավելի շատ հայտնի է եղել որպես ծաղրանկարիչ: Ամուսնացած չի եղել, ապրել է իր չամուսնացած քրոջ հետ:
Նկարիչը մահացել է 1999թ.՝ 85 տարեկան հասակում:
Փինաջյանը ստեղծագործել է աբստրակտ իմպրեսիոնիզմի ոճով: Ամերիկացի հայտնի արվեստաբան Վիլյամ Հոմերը հայ նկարչի արվեստը համեմատել է այնպիսի հայտնի նկարիչների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են՝ Գոգենը, Սեզանը, Արշիլ Գորկին:




























