ԱՄՆ-ում առկա է նոր վիրուսի համաճարակի վտանգ
ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունն ամերիկացի բժիշկներին պարտադրել է առավել ուշադիր լինել SARS վիրուսի նոր տարատեսակների նկատմամբ, որն առավել հայտնի է որպես ատիպիկ թոքաբորբ: ԱՄՆ-ի կառավարությունը հանձնարարել է բժիշկներին մանրակրկիտ հետազոտել բոլոր այն հիվանդներին, որոնց մոտ, Արաբական թերակղզի կամ հարևան երկրներ այցելելուց հետո, 10 օրվա ընթացքում շնչառական վարակներ են նկատվել, հաղորդում է RT-ն:
Այնուամենայնիվ ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս որևէ արգելք չեն սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների՝ դեպի Մերձավոր Արեևելք ուղևորությունների համար:
Պաշտոնյաների անհանգստության պատճառը նոր վիրուսից Եվրոպայում գրանցված մահվան դեպքն է: Փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայում մահացել է SARS-ով վարակված մի տղամարդ: Պարզվել է, որ մահացածը վարակվել էր իր հորից, ով մինչ այդ ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում և ծանր վիճակում է:
Այդ դեպքից հետո բժիշկները հայտարարել են, որ SARS-ի՝ նախկինում անվտանգ ձևերից մեկը մուտացիայի է ենթարկվել ու այժմ կարող է ակտիվորեն մարդուց մարդուն փոխանցվել:
ԱՄՆ-ի տարածքում այդ վիրուսով դեռևս որեւէ վարակակիր չի գրանցվել: Այնուամենայնիվ, աշխարհում գրանցված 14 վարակակիրներից 8-ը մահացել են:










