Աթենքի կենտրոնից գողացել են Նիկոս Կազանձակիսի և Էլ Գրեկոյի կիսանդրիները
Աթենքի Մշակութային կենտրոնի բակից անհայտ անձինք գողացել են հույն հայտնի գրող Նիկոս Կազանձակիսի և արվեստագետ Էլ Գրեկոյի բրոնզաձույլ կիսանդրիները, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով հունական լրատվամիջոցներին։
Կազանձակիսի կիսանդրին տեղադրվել էր 1998-ին՝ Ակադեմիայի փողոցում՝ տեսանելի վայրում, Էլ Գրեկոյի կիսանդրուց քիչ հեռու։ 2006-ին նրանց կիսանդրիները տեղափոխվել են Մշակութային կենտրոնի բակ, քանի որ այն խանգարում էր «Կովերի շքերթ» միջազգային գեղարվեստական ակցիային, որն արդեն 10 տարի անցկացվում է աշխարհի խոշորագույն քաղաքների փողոցներում։
Հունաստանում փետրվարի 18-ին նշել են Կազանձակիսի ծննդյան 130-ամյակը։ Հաջորդ տարի երկիրը պատրաստվում է նշել Էլ Գրեկոյի (Դոմենիկոս Տեոտոկոպուլոս) մահվան 400-րդ տարելիցը։










