Երկիր մոլորակի վրա հաստատվել է վերջին 4.000 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը
Համաշխարհային միջին ջերմաստիճանն այժմ ամենաբարձրն է վերջին 4.000 տարվա մեջ, հինգշաբթի օրը հայտնել են գիտնականները: Ըստ նրանց, մոտակա տասնամյակների ընթացքում տաքացումը կարող է հասնել այնպիսի մակարդակի, ինչպիսին, որ մեր մոլորակը չէր տեսել սառցե դարաշրջանին նախորդող ժամանակներից ի վեր, գրում է ИноСМИ-ն՝ հղում կատարելով The New York Times-ին:
Նախկին հետազոտություններն անդրադառնում էին նախորդող 1.500 տարիներին և ցուցադրում էին, որ անցյալ դարում ջերմաստիճանի արագ բարձրացումը, որը համարվում է մարդկային գործունեության հետևանք, գերազանցում է այդ շրջանում գրանցված ցանկացած տաքացման: Նոր հետազոտությունը հաստատում է այս արդյունքը և նշում է, որ այս երևույթը նկատվում է նաև ավելի երկար ժամանակաշրջանի դեպքում:
Գիտնականները ենթադրում են, որ նույնիսկ, եթե հաշվի առնենք ջերմաստիճանի բարձրացման նվազագույն կանխատեսումները, ապա մոլորակի վրա կլինի այնքան տաք, որքան այս երկրաբանական ժամանակաշրջանի ամենատաք շրջանում:
Օրեգոն նահանգի համալսարանի Երկրի մասին գիտությունների մասնագետ Շոն Մարքոթթը և նրա գործընկերները կատարել են հետազոտություն, որի ընթացքում կատարել են վերջին 11.300 տարիների գլոբալ ջերմաստիճանի վերակառուցում: Կլիմայի մասին տեղեկություններ ստանալու համար նրանք օգտագործել են այն ցուցանիշները, որոնք ստացել են միկրոսկոպիկ և ջերմաստիճանի հանդեպ զգայուն օվկիանոսային արարածներից:
Ինչպես նախկին փորձերը, այնպես էլ այս մեթոդը ցույց է տալիս միայն մոտավոր գնահատականներ: Փենսիլվանիա նահանգի համալսարանի հետազոտող Մայքլ Մաննը, ով մասնագիտացած է այս տեխնոլոգիաների վրա, սակայն չի մասնակցել նոր հետազոտություններին, հավաստում է, որ հեղինակները իրենց աշխատանքներում հիմնվել են պահպանողական տվյալների վրա:
«Սա հերթական կարևորագույն ձեռքբերումն ու էական արդյունքն է, որն օգնում է զարգացնել մեր գիտելիքները և մշակել կլիմայի փոփոխության մեխանիզմների վերաբերյալ ընկալումները»,- նկատել է դոկտոր Մաննը:
Չնայած նրան, որ այս հետազոտությունը դարձել է գլոբալ ջերմաստիճանի ամենամեծ վերակառուցումը, այն հիմնականում համապատասխանում է նախկին վերակառուցումների փորձերին: Ըստ նրա տվյալների, արևի լույսի տեղաբաշխման և քանակի փոփոխությունները, որոնք առաջացել էին մոլորակի ուղեծրի փոփոխությունների արդյունքում, շուրջ 12.000 տարի առաջ հանգեցրել է ջերմաստիճանի կտրուկ բարձրացման:
Սակայն հետագայում բնական գործոնների արդյունքում Երկիր մոլորակի բնակչությունը սկսել է նվազել, և հասել է այն մակարդակին, որի ժամանակ հնարավոր է մարդու առաջացումը և զարգացումը:
Հետազոտողները ենթադրում են, որ այն դեպքում, երբ կլիման շարունակեր կառավարվել բնական գործոններով, ապա ամենայն հավանականությամբ մոտակա հազարամյակների ընթացքում Հյուսիսային կիսագունդը կրկին կպատվեր սառույցով:
Սակայն գիտնականները կարծում են, որ ջերմոցային գազերի ավելցուկը կկանխի դեպքերի նման զարգացումը:
Դոկտոր Մաննը նշում է, որ տաքացումը հիմնականում ընթացել է դանդաղ, ինչը բույսերին և կենդանիներին հնարավորություն է տվել հարմարվել նոր պայմաններին: Ըստ նրա, մարդիկ և մյուս կենդանիները կարող են չտանել ջերմաստիճանի նման կտրուկ փոփոխությունները:










