ԵՊՀ–ում ներկայացվեց Գերմանիայի և Ֆրանսիայի պատմության մասին ձեռնարկ
Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց «Կառուցել ընդհանուր պատմություն. Ֆրանս-գերմանական դասագրքի օրինակը» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացվեց Գերմանիայի և Ֆրանսիայի պատմության մասին համատեղ ձեռնարկը։
ԵՊՀ–ում այդ առիթով հրավիրված նիստից հետո մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մոլերը:
Նշենք, որ ծրագրի հիմնական նպատակն է ներկայացնել հրատարակված Ֆրանս-գերմանական պատմության ձեռնարկը, որը պատմում է երկու հարևան երկրների հարաբերությունների և 50 տարի առաջ կնքված «Ելիսեյան» պայմանագրի մասին:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ ձեռնարկում ներկայացվում է յուրաքանչյուր երկրի պատմությունը, որից հետո անդրադարձ է կատարվում ընդհանուր պատմությանը:
«Նախ ձեռնարկի ստեղծման արմատներում կանգնած են երկու ազգերի երիտասարդ գիտնականները, որոնք Ելիսեյան դաշնագրի 40-ամյակին դիմեցին, որպեսզի գիտնականները համատեղ ստեղծեն ընդհանուր ձեռնարկ: Բայց մի բան կա, որը դյուրին է այս կյանքում, ավելի հեշտ է բացել սահմանները, քան՝ մտահորիզոնը»,- ասաց նա: Հարցին, թե դասագրքով ցանկանում են որևէ բան սովորեցնել Հայաստանին, Անրի Ռենոն պատասխանեց, որ դասագրքի նպատակը ոչ թե դասեր տալն է, օրինակ ծառայելը:
«Իսկ թե ինչ օրինակ, ինքներդ կիմանաք: Մենք ընդամենը ցույց ենք տալիս, թե ինչ է կատարվել կամ իրենից ինչ է ներկայացնում ֆրանս-գերմանական պատմությունը»,– ասաց դեսպանը:
«Յոթանասունհինգ տարի երկու երկրները գտնվել են արյունալի պատերազմական իրավիճակում, դա պետք է լուծում գտներ: Ձեռնարկի հիմնական ուղերձն այն է, որ չկա այնպիսի մի վիհ, ոըր հնարավոր չլինի լցնել, չկա մի վերք, որ չսպիանա: Սա պատմության ֆատալիզմը չէ, կարելի է պատմության էջը շրջել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ թշնամանքն ու ատելությունը կարելի է փոխարինել փոխըմբռնմամբ։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մոլերը նշեց, որ իրենք չեն ուղղորդում, այլ պարզապես ներկայացնում են, թե ինչպես է հաշտություն հաստատվել Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև: «Մի բարդ իրավիճակից երկու երկրներ փորձել են դուրս գալ և հաշտեցման են եկել, որն էլ հիմք է ծառայել Եվրոպական Միության ստեղծմանը: Սա է այն պատմությունը, որը ցանկանում ենք պատմել: Ինչպես կօգտվեք այդ պատմածից ձեզ է վերապահվում, սա մեր սկզբունքն է»,- ասաց նա:
Վերջում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ խաղաղությամբ ու հաշտությամբ ապրելու կարոտ կա Հայաստանում:
«Ինձ թվում է, որ այսօրվա սերունդն է, որ պիտի գտնի կառուցողական, դեպի խաղաղություն տանող, համագործակցություն ապահովող ճանապարհ հարևանների հետ: Ինչպես ցանկացած նմանատիպ, այս ձեռնարկի մեջ ևս կարելի է գտնել Հայաստանյան իրողության հետ ընդհանուր եզրեր»,-ասաց նա:










