Մեծ Բրիտանիան մեկընդմիշտ կզրկվի Պիկասոյի «Երեխան և աղավնին» կտավից

15:07 • 11.03.13

Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» կտավը կլքի Մեծ Բրիտանիան, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Independent-ին։
Մշակույթի նախարարությանը չի հաջողվել կանխել կտավի արտերկիր տանելը։

 

Christie's աճուրդի տունը 2012թ.-ին վաճառել է Պիկասոյի աշխատանքը մասնավոր մի հավաքորդի, ով, ի տարբերություն նախորդ սեփականատերերի, չի պատրաստվում ապագայում ցուցադրել կտավը Մեծ Բրիտանիայում։ Կտավի նոր տիրոջ մասին տեղեկություններ չկան։ Սակայն, ինչպես պատմել է արվեստի քննադատ Բրայան Սյուելը, ըստ լուրերի, Պիկասոյի կտավը կարող է ուղևորվել Կատար։

 

Երկրի մշակույթի նախարարությունը փորձել է պահպանել կտավը՝ արգելափակելով նրա ելքը երկրից։ Կես տարվա ընթացքում նախարարությունը նախատեսում էր միջոցներ գտնել։ Ենթադրվում էր, օրինակ, որ նկարը կգնեին բրիտանական թանգարանները, սակայն անհանգստություն կար, որ կտավը չափազանց թանկ կարող է լինել նրանց համար։

 

Արգելքի ժամկետը լրացել է 2012թ. դեկտեմբերին։ Կտավը կլքի երկիրը մայիսի 26-ից հետո։ Մինչ այդ կներկայացվի Լոնդոնի Կուրտոյի թանգարանում։