Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հաղթանակի հույսեր է կապում Lonely Planet-ի հետ
Բրիտանական Birmingham Mail պարբերականը հարցազրույց է ունեցել լեգենդար Black Sabbath ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմիի հետ, որի ժամանակ տաղանդավոր երաժիշտը սպասվելիք ալբոմից ու իր առողջական վիճակից բացի խոսել է նաև Հայաստանի կողմից «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին ներկայացվելիք Lonely Planet երգի ստեղծման մասին։
Զրույցի ընթացքում ծանր երաժշտության կնքահայրը համարվող 65-ամյա Այոմին պատմել է, որ բազմաթիվ երգեր է գրել, որոնք, սակայն, սոլո ալբոմում կամ Black Sabbath խմբի հետ ձայնագրելու որևէ մտադրություն չունի։ Նա խոստովանել է, որ պարզապես ապշած էր՝ իմանալով, որ հայերը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու համար ընտրել են 5 տարի առաջ գրված Lonely Planet երգը, սակայն այժմ նրա սպասումները բավական մեծ են։
«Ես պարզապես ցնցված էի, երբ նրանք դիմեցին ինձ։ Մեր հանդիպումը հնարավոր դարձավ այնտեղ (Հայաստան) իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում։ Մենք նոր երաժշտական դպրոց ենք կառուցում, որը կփոխարինի երկրաշարժից փլված կառույցին։ Նրանք ինձ հարցրին, թե արդյոք ես ունե՞մ այնպիսի ստեղծագործություն, որը դեռ կատարող չունի։ Արդյունքում ես դարակներում պահված երգերի շարքից ընտրեցի Linely Planet-ը և ուղարկեցի տղաներին»,-պատմել է կիթառահարը։
Երաժիշտը նաև նշել է, որ իր համար շատ մեծ անակնկալ էր այն փաստը, որ հայերի քվեարկության արդյունքում երգը հաղթող է ճանաչվել։
«Եվ ով գիտի, միգուցե բախտը ժպտա, և այն նույնիսկ հաղթող ճանաչվի»,-հավելել է Այոմին։
Այնուհետև Birmingham Mail-ը նշում է, որ երգի կատարողն է Black Sabbath-ի վառ երկրպագու Գոռ Սուջյանը, ում ելույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 16-ին։










