Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը վերջապես բացահայտել է նացիստական մութ անցյալի գաղտնիքները

14:00 • 11.03.13

Աշխարհի ամենահայտնի նվագախմբերից մեկը՝ Վիեննայի ֆիլհարմոնիկը, տարիներ շարունակ իր հասցեին հնչող մեղադրանքներից և քողարկումներից հետո վերջապես բացել է իր նացիստական մութ անցյալի «դռները»։ Ինչպես նշում է Daily Mail-ը, սկանդալային բացահայտումներն ամբողջությամբ կհրապարակվեն մոտակա օրերին։

 

Վիեննայի պետական օպերայի շենքում մի խումբ պատմաբանների կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են նվագախմբի նացիստական անցյալի և հրեաների միջև եղած կապի վերաբերյալ մի շարք բացահայտումներ։

 

Մեկ այլ բրիտանական պարբերական՝ The Telegraph-ը, ևս անդրադառնալով այս թեմային նշում է, որ 1938թ. Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբից հրեական ծագման պատճառով աշխատանքից հեռացվել է 13 երաժիշտ, որոնցից 5-ը մահացել են համակենտրոնացման ճամբարներում։

 

«Սակայն հրեաների վտարումը սկսվել է 1938թ. ավելի վաղ. ցանկացած անդամ, ով հրեական արմատներ կամ ամուսին է ունեցել, հեռացվել է նվագախմբից»,-նշել է պատմաբան Բեռնադետ Մայհոֆերը։

 

Բացի այդ, հայտնի է դարձել, որ հանրահայտ նվագախումբը 1942թ. նույնիսկ նպատակ է ունեցել Ադոլֆ Հիտլերին, ի նշան հարգանքի, շնորհել ոսկյա «Նիկոլայ» շքանշան։ Սակայն ամեն դեպքում պատմաբաններին չի հաջողվել ապացույցներ գտնել շքանշանը բռնապետին շնորհելու մասին։

 

Պատմաբանների բացահայտումների շարքում է նաև այն փաստը, որ նվագախումբն անցած դարի 60-ական թվականներին «պատվո մատանի» է նվիրել մարդկության դեմ գործած հանցագործությունների մեղադրանքով բանտից նոր դուրս եկած, Վիեննայի նացիստական կառավարիչ Բալդուր ֆոն Շիրախին, ով մասնակցել է հազարավոր հրեաների արտաքսմանը դեպի համակենտրոնացման ճամբարներ։ Մասնագետները պարզել են, որ ֆոն Շիրախին մատանին հանձնել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար, Ռեյխսֆյուրերի նախկին անդամ Հելմուտ Վոբիշը։

 

Մասնագիտությամբ շեփորահար Վոբիշը միացել է նացիստական ռեժիմին 1933թ.՝ աշխատելով որպես լրտես և մեղադրանքներ ներկայացնելով երաժիշտ գործընկերների նկատմամբ։ Թեև պատերազմի ավարտից հետո Վոբիշը հայտարարել է, որ ինքը ջանք չի խնայել հրեական արմատներ ունեցող կամ հրեայի հետ ամուսնացած երաժիշտներին հաշվեհարդարից պաշտպանելու համար, այնուամենայնիվ, պատմաբանները պարզել են, որ նա հակառակ գործողություններով է զբաղված եղել։

 

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ամենից շատ հայտնի է իր Ամանորյա համերգով, որը հեռարձակվում է աշխարհի 80 երկրներում և հասանելի է 50 մլն հեռուստադիտողի համար։ Սակայն քչերին է հայտնի, որ այդ միջոցառման հիմնադիրները նացիստներն են, մասնավորապես՝ Յոզեֆ Գեբելսը, ով ցանկացել է Վիեննան ներկայացնել որպես մշակութային, երաժշտության, լավատեսության և ուրախության քաղաք։ Անցած մի քանի տարիների ընթացքում նվագախումբը լուրջ քննադատությունների է ենթարկվել նացիստական ռեժիմի հետ համագործակցելու, ինչպես նաև հրեա երաժիշտների՝ նվագախմբի պատմության մեջ ունեցած ավանդը չգնահատելու համար։