ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն խրախուսում են բնության հետ ներդաշնակ ապրելու` պատանիների ջանքերը

18:57 • 11.03.13

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ, ամփոփել է 2012-ի հոկտեմբերին կայացած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 3-րդ Դիմակահանդես-շքերթի արդյունքները: Կազմակերպվել է մրցանակաբաշխություն: 


Հիշեցնենք, որ 5-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և Սփյուռքի հազարավոր երեխաներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն հաղթողներին խրախուսել են մրցանակներով: Լավագույն 12 աշխատանքների հեղինակներն ստացել են հեծանիվ, ֆոտոխցիկ և տեսախցիկ:


Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ–ի տարածած հաղորդագրության՝ ողջույնի խոսքում, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը` մանրամասնելով մրցույթների ամփոփումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է մրցանակները`բնապահպանության գործում կարևորելով երիտասարդների դերը:


«Մարդկության այսօրվա մարտահրավերը բնության հետ ներդաշնակ ապրելն է. անտարբերությունը և անպատասխանատվությունը կարող են անդառնալի հետևանքների պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է կայուն ապագայի հիմքեր ստեղծելու պատանիների ջանքերը»,– ասել է նա:


«Երիտասարդ սերունդը ստեղծագործությունների լեզվով մեզ հուշում է, որ սպառողական մոտեցումը կարող է հանգեցնել կյանքի որակի անկմանը և մոլորակի էկոհամակարգի ոչնչացմանը: Այս աշխատանքներն արժանի են գնահատանքի»,-ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:


Մրցութային հանձնաժողովի նախագահը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանն էր: Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված մրցույթի համար առաջարկվել էր երեք թեմա` «Վտանգված բնություն», «Հայաստանի մշակութային գանձեր» և «Հայկական լեռնաշխարհի էնդեմիկներ»:


2012թ հոկտեմբերի 28-ին կազմակերպված դիմակահանդես-շքերթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի և մայրաքաղաքի երեք տասնյակից ավելի դպրոցների աշակերտներ: 3-րդ Դիմակահանդես-շքերթի մրցույթի հաղթողների համար սահմանվել է դրամական 6 մրցանակ` (100.000-ական դրամ) հետևյալ անվանակարգերում`
լավագույն բնապահպանական զգեստ (երկու մրցանակ),
լավագույն ստեղծագործական լուծում (երկու մրցանակ),
լավագույն երաժշտական խումբ (երկու մրցանակ):


Մրցանակներ են սահմանել նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ինչպես նաև «ՌՌՌ» հանքային ջրերի գործարանը:


Մրցանակաբաշխությանը մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի և Երևանի նկարչական, երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներ, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ և բազմաթիվ գործընկերներ:


Միջոցառման ընթացքում հայտարարվել են նաև ‹‹Երեխաները հանուն բնության›› հրապարակումների լրագրողական մրցույթի հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել է 5-րդ համահայկական նկարչական մրցույթի մասին պատմող ֆիլմը: