Ինչպես կանխել ուղեղի սխալ արարքները. Business Insider

08:10 • 12.03.13

Կանգ առեք ու մտածեք. այն, ինչ դուք տեսնում եք, ձեր գլխի մեջ եղած խենթությունն է, որը ձեզ ստիպում է խուճապի մատնվել: Իսկ խուճապը ձեզ հիմար է դարձնում, գրում է ամերիկյան Business Insider-ը՝ բացատրելով, թե ինչպես կանխենք մեր իսկ ուղեղի թելադրած սխալ քայլերը:

 

Մենք անում ենք բաներ, որոնց համար հետո զղջալու ենք՝ կամուրջներ ենք վառում ու հարաբերություններ խզում, միայն այն պատճառով, որ խուճապահար ենք եղել:

 

Դա մի պահ բոլորի հետ էլ պատահում է, հիշեցնում է BI-ն: Սիրո հարց լինի, աշխատանք, գալիք օրվանը, թե մեկ այլ բան, ամեն ինչ էլ խուճապ է ստեղծում, քանի որ ուղեղը սկսում է «հալչել»: Անհայտը ստիպում է մեզ միլիոնավոր մղձավանջային տարբերակներ անցկացնել մեր գլխով: Սա ոչ իրատեսական է, ոչ էլ ոգեշնչող: Վատագույն հուշերն են, որ նման դեպքերում գործի է դնում ուղեղը:

 

Իսկ այդ ամենից հետո դուք հիմար եք դառնում, ոչ թե այն պատճառով, որ հիմար եք, այլ որովհետև ձեր ուղեղը ձեզ ստիպում է, թե ձեզ պետք է հիմար լինել՝ գոյատևելու համար: Աղբյուրը բացատրում է, որ խոսքը իռացիոնալ դառնալու մասին է:

 

Դրանից հետո սովորաբար գալիս է սխալ քայլը, իսկ հետևանքները կարող են ազդել ձեր մնացած ամբողջ կյանքի վրա: Ուստի, ավելի լավ է խուսափել այն հիմարությունից, որ ձեր ուղեղը փորձում է պարտադրել ձեզ: Դա անելու հետևյալ մի քանի եղանակներն են առաջարկվում:

 

Նախ, 24 ժամվա ընթացքում ոչինչ մի արեք. դիտմամբ մի արեք որևէ բան, որ գալիս է ձեր մտքին: Հիմնականում ամենալավ եղանակը մտքին եկած բաների վրա «քնելն է»:

 

Իսկ ի՞նչ անել այդ ընթացքում: BI-ն առաջարկում է, օրինակ, պարզապես երազել: Իսկ եթե ձեր մեծագույն մղձավանջը այնուամենայնիվ այնքա՞ն էլ վատ չէ: Միայն լավ տարբերակների շուրջ մտածեք:

 

Առաջարկվում է նաև անկեղծ լինել ինքներս մեզ պատուհասած իրավիճակի հետ: Երբեմն միայն մեկ թարմ, խիստ հայացքը այդ իրավիճակին կարող է ցրել անհեթեթությունը:
Առաջարկվում է նաև օգնություն խնդրելու դեպքում, դա անել առանց նվնվալու. ոչ ոք չի սիրում նվնվացողներին: Եվ ոչ ոք չի ուզում օգնել նվնվացողներին:

Եվ, վերջում, շնչեք, շնչեք, շնչեք, ուղեղին հարկավոր է այն ամբողջ թթվածինը, որ կարող է ստանալ:

 

Եվ պարզապես հիշեք, թե որքան կարևոր բան է խուճապին մեր արձագանքել-չարձագանքելը: Եթե դա նկատի չունենաք ու զգույշ չլինեք, հաջողությանն անգամ մոտ որևէ բանի չեք հասնի, եզրափակում է BI-ը:


 

Ինչպես կանխել ուղեղի սխալ արարքները. Business Insider