«Ղարիբյան կռունկ» համույթը Բարեգործական համերգ է տվել Ճապոնիայում
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում Հայաստանի դեսպանության և «Ղարիբյան կռունկ» պարային համույթի նախաձեռնությամբ մարտի 11-ին տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ նվիրված Ճապոնիայի Տոհոկու նահանգի ավերիչ երկրաշարժի և ցունամիի երկրորդ տարելիցին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառումը մեկնարկել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի բացման խոսքով: Դեսպանը նշել է, որ 1988թ. դեկտեմբերին Հայաստանը ցնցած երկրաշարժից հետո Ճապոնիան առաջիններից մեկն էր, որ օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին:
«Անցնելով նման սարսափելի փորձությունների միջով` հայ ժողովուրդը խորապես գիտակցում է աղետը ապրածների ցավը և ի սրտե աջակցություն է հայտնում Ճապոնիայի բարեկամ ժողովրդին»,– ասել է նա:
Հայ դասական երաժշտության կատարումներով հանդես են եկել նաև 2011թ. Ճապոնիայում հիմնված «Ղարիբյան բալետի ակադեմիայի» սաները: Համերգի ամբողջ հասույթը փոխանցվել է երկրաշարժից և ցունամիից տուժած ծնողազուրկ երեխաներին:
Միջոցառումը, որին մասնակցել է մոտ 800 հանդիսատես, լուսաբանվել է ճապոնական լրատվամիջոցներով:










