Եղիշե Չարենցի տուն-թանգարանի այցելուների թիվը տարեցտարի ավելանում է. թանգարանի դռներն այսօր բաց են բոլորի համար
Հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի 116-ամյակի առթիվ այսօր նրա տուն-թանգարանի դռները բաց են բոլորի հարմար, և այս տարի էլ այցելությունների թիվը չի զիջի նախորդներին։ Թանգարանի այցելուները հիմնականում երիտասարդներն են, որոնց թիվն ամեն տարի ավելանում է։ Այս մասին Tet.am-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը։
«Ուրախալին այն է, որ մեր այցելուներն ավելի շատ երիտասարդներն են՝ ուսանողությունը, աշակերտները։ Իսկ ծննդյան և մահվան օրերին տարիքային ցենզ չկա, գալիս են բոլոր տարիքի մարդիկ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այսօրվա երիտասարդը կարդում է Չարենց, ինչը շատ ուրախալի է։
Վերջինիս խոսքով՝ դա միայն իրենց օրը չէ, միայն բանաստեղծի օրը չէ, դա ժողովրդի օրն է, և այսօր թանգարանի այցելուների շարքում են նաև պաշտոնյաներ, պատգամավորներ, քանզի Չարենցի համար այդ ցենզը չկա։
Թանգարանի տնօրենը նաև նշեց, որ իրենք այցելուների ակտիվությունից չեն դժգոհում։ «Հիմնականում մեզ մոտ պասիվ ամիսներ են հունվարը և փետրվարը, փետրվարի վերջերից սկսվում է աշխուժությունը և շարունակվում մինչև տարվա վերջ։ Մարտ ամսին, ինչպես նաև աշնան ամիսներին այցելուների առումով աշխուժությունն է՛լ ավելի է մեծանում»,- նշեց նա։
Ամռան ամիսներին գալիս են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, և ինչպես տնօրենն ասաց, նրանց մեջ նույնպես երիտասարդության թիվը բավականին բարձր է։ Իսկ վերջին տարիներին հետաքրքիր աճ է նկատվում. շատ են Թուրքիայից ժամանած այցելուները։
1989-ից թանգարանի տնօրեն աշխատող տիկինը վկայեց, որ այս տարիների ընթացքում Չարենցի նկատմամբ վերաբերմունքը ավելի շատ սիրո ու հետաքրքրության է վերածվել նրա անձի և պոեզիայի նկատմամբ։
«Այդ տարիների հետ համեմատ բավականին մեծ աճ կա։ Մի փոքր նվազեց այցելուների թիվը 1990-ականների սկզբին, բայց այդ տարիներին էլ մենք տարբեր միջոցառումներ էինք կազմակերպում, և մարդիկ գալիս էին»,- ասաց նա։
Վերջինիս տեղեկացմամբ՝ իրենք խմբեր են ունենում Հայաստանի հեռավոր շրջաններից, և բոլոր մարզերից աշակերտներ են գալիս։ «Ասեմ, որ շրջանների խմբերի մեջ հրաշալի երեխաներ կան, որոնք շատ լավ Չարենց գիտեն։ Մենք նաև տարբեր մրցույթներ ենք անցկացնում, և հիմնական մրցանակակիրները մարզերից են»,- ընդգծեց տնօրենը։
Անդրադառնալով թանգարանի խնդիրներին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ դրանք միշտ էլ կան, որովհետև կյանքն առաջ է շարժվում, և այն պայմանները և ծրագրերը, որոնք մենք իրականացնում էինք կամ աշխատում էինք երեկ, այսօր չի բավարարում։ Կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում, սակայն հիմնականում տեխնոլոգիաների հարցն է, որի պակասն այսօր մեր բոլոր թանգարաններն ունեն։ «Դա մեզ բավականին խեղճացնում է, բայց, ընդհանուր առմամբ, մեր բոլոր թանգարանները բավականին լավ վիճակում են գտնվում, իսկ դա, իհարկե, միայն մեր կարծիքը չէ, արտասահմանից եկած այցելուներն էլ են դա ասում»,- նշեց նա և առանձնացրեց մեկ այլ խնդիր, որը միայն թանգարաններում չէ՝ դա հաշմանդամների համար համապատասխան պայմանների բացակայությունն է։
Նշենք, որ այսօր գրողի տուն-թանգարանում կանցկացվի «Կարս. մանկություն, պատանեկություն» խորագրով ցուցահանդես։










