Ինչու է պետք նախապատվությունը տալ Google Glass-ին, և ոչ Apple-ի iWatch-ին. Forbes

15:19 • 13.03.13

Հեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ վերջին շրջանում ամենաշահարկված թեմաներին՝ Google Glass-ին և Apple-ի iWatch-ին, որոնք հավակնում են դառնալ առաջիկայում ամենասպասված նորույթները։

 

Forbes-ի հոդվածագիր Հայդն Շոգնեսին նշում է, որ թեև այս 2 գաջեթները դեռևս վաճառքի չեն հանվել և ներկայում գտնվում են մշակման փուլում, այնուամենայնիվ, ընտրություն կատարելու դեպքում նա նախապատվությունը կտա ոչ թե Apple-ի նոր սերնդի ժամացույցներին, այլ ֆուտուրիստական Google Glass-ին։

 

«Google Glass-ը հնարավորություն կտա անհամեմատ ավելի արագ ստանալ վերջին տեղեկությունները։ Այսօր Նյու Յորքում ընկերությունը ներկայացրել է այդ սարքի համար նախատեսված հավելվածների նախնական տարբերակը, ինչի շնորհիվ պարզ է դարձել, որ ակնոց կրողն անմիջապես կտեղեկացվի ամենաթարմ նորությունների մասին, ինչպես նաև հատուկ հրահանգի շնորհիվ կիմանա, թե իր ընկերներից ով է թարմ լուսանկար տեղադրել։ Ներկայացված մյուս հավելվածները, մի շարք այլ ծառայություններից զատ, աչքի են ընկել անչափ արագ գործելու հատկությամբ»,-գրում է Շոգնեսին։

 

Հոդվածագիրը եզրակացնում է, որ, կրելով Google Glass ակնոցները, մարդն անհամեմատ արագացնում է նորություններին ծանոթանալու և տեղեկացված լինելու գործընթացը։

 

«Ինձ համար Glass-ն ավելի մեծ կարևորություն ունի, քանի որ այն կազատի ինձ համակարգչից կամ լափթոփից օգտվելու անհրաժեշտությունից։ Սա իր հերթին նաև դրական ազդեցություն կունենա նաև ողնաշարի վրա, քանի որ համակարգչի էկրանի առաջ նստելով՝ մեր կեցվածքը դեֆորմացվում է»,-նկատում է Շոգնեսին՝ ընդգծելով, որ Glass-ի մյուս առավելությունն իր փոքր չափն ու ամենուր իր հետ կրելու հնարավորությունն է։

 

«Այս ամենի հետ մեկտեղ, եթե Google-ին հաջողվի ապահովել նաև բարձր լուծմամբ էկրան, ապա ես կգնեմ այն։ Դա պարզապես հիանալի կլինի՝ համակարգիչ ակնոցի տեսքով, որը կարելի է տանել ամենուր և պահել գրպանում։ Դա կլինի անգին սարք։ Ահա այս պատճառներով ես կընտրեմ Google Glass-ը, այլ ոչ թե առեղծվածային iWatch-ը»,-եզրափակում է Շոգնեսին:
 

Ինչու է պետք նախապատվությունը տալ Google Glass-ին, և ոչ Apple-ի iWatch-ին. Forbes