Սթիվ Ջոբսի կենսագրությունը ճապոնական կոմիքս կդառնա
Apple ընկերության հիմնադիրներից ամերիկացի Սթիվ Ջոբսի կյանքի մասին առաջիկայում հնարավոր կլինի իմանալ նաև ճապոնական մանգա կոմիքսների էջերից, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Մարտի 25-ից Ճապոնիայում լույս տեսնող Kiss կանանց հանդեսի ընթերցողները հաղորդակից կդառնան Ջոբսի պատկերազարդ կենսագրությանը: Մանգան այդպես մաս-մաս կթողարկվի ամեն ամսվա ավարտին:
Կոմիքսների հիմքում կլինի ամերիկացի գրող, Ջոբսի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի գիրքը, որը բեսթսելլեր է դարձել շատ երկրներում: Բուն կոմիքսների վրա աշխատում է հայտնի նկարչուհի Մարի Յամաձակին:
Սա Ջոբսի կյանքի առաջին մանգան չէ: Նրա մահվանից անմիջապես հետո՝ 2011-ին լույս էր տեսել միանգամից 2 կոմիքս նրա մասին:










